ԱԺ 12-ամյա պարտադիր կրթության մասին ընդունած որոշմանը հաջորդեցին աշակերտների և ծնողների բողոքները: Շատ ծնողներ բողոքում են այն հանգամանքից, որ 12-րդ դասարանում աշակերտները ոչ մի նոր նյութ չեն անցնում, այլ միայն կրկնում են անցածը, բացի այդ՝ տղաները ստիպված են լինում դպրոցն ավարտելուց հետո միանգամից բանակ գնալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այն հարցին, 198 դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը նկատեց, որ սրանք պարզապես ծնողների ենթադրություններ են, և երեխան ոչ թե նոր բան է սովորում դպրոցի միայն վերջին 3 տարում, այլ ուսումնառության ամբողջ ընթացքում:
Հանդիպման հաջորդ բանախոսը՝ կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ թեև ինքը կողմ է 12-ամյա կրթության գաղափարին, բայց գաղափարը կյանքի կոչելու համար պետք է նախ համապատասխան համակարգ ստեղծել. «12-ամյա պարտադիր կրթությունը հաշվի առնելու համար մենք պետք է հաշվի առնենք այն իրողությունը, որ մեզանում չկան այդ գաղափարին նպաստող ենթակառուցվածքներ, որոնց բացակայության դեպքում ցանկացած լավ գաղափար կարող է ձախողվել և վարկաբեկել համակարգը, ուստի այդ տեսանկյունից ես դեմ եմ 12-ամյա պարտադիր կրթությանը»,-նշեց նա:
Վերջինս նկատեց, նաև, որ պարտադիր բառն օգտագործելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև կրթությունը պետք է լինի ոչ թե պարտադրված, այլ պետք է հիմնված լինի հետաքրքրության վրա. «Պետք է մշակել այնպիսի համակարգ, որի դեպքում երեխաները ոչ թե պարտադրված կգնան դպրոց, այլ՝ հաճույքով: Մեզ անհրաժեշտ չէ, որպեսզի աշակերտը դասարանում ներկա լինի միայն ֆիզիկապես»,-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան