ԲՀԿ-ից արտահոսքի գործընթացը ավարտվել է, այս մասին այսօր Աժ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Այսօր կարծես թե, ավարտվեց այդ գործընթացը, մենք գնում ենք մեր քաղաքական նպատակները վերակազմավորելու: Քաղաքական իրավիճակ է փոխվել ու մենք չենք կարող հաշվի չառնել այդ փոփոխությունները: Մեր պահանջները մնում են ուժի մեջ, բայց` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: Այն բոլոր սոցիալական պրոբլեմները որ կային, չեն վերացել: Եթե մեր կոնստրուկտիվ լուծումները պահանջարկ չունենան, դժվար կլինի»,- իր խոսքում ասաց Մելքումյանը:
Մելքումյանը քննադատեց ԿԲ վարած քաղաքականությունը` ասելով, որ այլ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի` խնդիրները լուծելու համար:
«Կենտրոնական բանկի որդեգրած քաղաքականությունը նպատակահարմար չէ երկրում տիրող իրավիճակին: Հիմա կրակը չե՞նք ընկել Կենտրոնական բանկի քաղաքականության պատճառով: Գնաճի վերահսկման քաղաքականությունը ակտուալ չէ ներկայիս դրության համար: Մենք պետք է գնանք աշխատատեղերի ավելացման ճանապարհով»,- ասաց պատգամավորը: