տուն Լուրեր Կոստանյանի՝ «շատ անկեղծ» խոստովանությունը

Կոստանյանի՝ «շատ անկեղծ» խոստովանությունը

157
0

ՀՀ ԱԺ-ում այսօր տեղի ունեցավ ընտրակաշառքը քրեականացնելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցումը: Որոշակի վերապահումներ ունեին ընդդիմադիր ՀՀԿ-ականները: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը իր  ելույթում հանդես եկավ մի շատ «շատ անկեղծ», «պատմական» հայտարարությամբ.

«Ամենակարևոր խնդիրը, որը կուզեի բարձրաձայնել, ես այնուամենայնիվ, նաև իմ նախորդ պաշտոնների ընթացքում, եկել եմ այն եզրահանգման, որ ընտրական օրենսգրքի լրացման այլ հարցերի անընդհատ կատարելագործումը դեռևս չի նշանակում որակ: Ես հիմնականում համարել եմ, որ մենք իրավակիրառ պրակտիկայի խնդիր ունենք: Շատ անկեղծ եմ ձեզ ասում. հենց այսօրվա Քրեական օրենսգրքի ապահովման պայմաններում, անգամ եթե խստացնելու կամ լրացնելու կարիք չլիներ, իմ խորին համոզմամբ, եթե իրավակիրառ պրակտիկան ճիշտ կազմակերպվեր, մենք, վստահ եմ, որ Քրեական օրենսգրքի փոփոխության անհրաժեշտությունը չէինք ունենա: Վստահ եմ, որ եթե նախորդ ընտրական ցիկլը ճիշտ կազմակերպվեր, հասարակական դժգոհություն չլիներ և այլն, և այլն, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների կարիք էլ չէր լինի: Այսինքն՝ օրենքի փոփոխման անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ իրավակիրառ ապահովման գործում դու ունենում ես թերություններ»,- իր ելույթում ասաց նախկին գլխավոր դատախազը:

Սա ոչ այլ ինչ է, քան խոստովանություն այն մասին, որ նախորդ տարիներին, նախորդ իշխանության օրոք իրավակիրառ պրակտիկան կաղացել է և չի արտացոլել այն իրականությունը, ինչ եղել է: Կոստանյանն այլ կերպ ասել կուզի, որ եթե նախորդ տարիներին բացահայտվեին ընտրախախտումները, կաշառք բաժանողները իրականում պատժվեին, այսպիսի իրավիճակ չէր լինի երկրում: Կոստանյանը շատ անկեղծ է իր խոսքում: ԱԺ պատգամավորը նկատում է նաև նախորդ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումներն ու արձանագրում, որ եթե նախորդ ընտրությունների ժամանակ չխափանվեր ընտրական ցիկլը, մենք այսօր Ընտրական օրենսգիրք փոխելու անհրաժեշտություն չէինք ունենա:

Առաջին հայացքից սա կարող է պարզ խոստովանություն թվալ, սակայն իրականում Կոստանյանի հայտարարությունը պետք է որ մատուցված «ընծա» լինի գործող իշխանություններին:

Կոստանյանի հայտարարությունը եկեք դիտարկենք նաև այլ ասպեկտով: Ով ով, բայց Գևորգ Կոստանյանը շատ լավ գիտի խոսքի արժեքը, և վստահ ենք, որ նա այսպես ասած միամիտ չէր կարող նման բաներ ասել: Այսկերպ գուցե Կոստանյանը պատժում է նախորդ իշխանություններին՝ իրեն գլխավոր դատախազի պաշտոնից հեռացնելու և Ազգային ժողով ուղարկելու համար: Կոստանյանի այս հայտարարությունը նոր իշխանության համար չափազանց կարևոր օգնություն է: Նախ՝ նորերը պետք է իրավակիրառ պրակտիկայում լինեն անաչառ և չզբաղվեն ծածկադմփոցով, և երկրորդ օգնությունը կարող է լինել այն, որ Գևորգ Կոստանյանը կարող է ինքն անձամբ ծառայել պետությանը և կիրառել այն օրենքները, որոնք ԱԺ-ն ընդունում է:

Իշխող ուժը պետք է մի քանի անգամ լսի այս ելույթն ու ինքն իր համար վերլուծի, թե իրականում ի՛նչ է ցանկանում Կոստանյանը:

Հարություն Մկրտչյան