ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարում է, թե շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակակիր լինել: Նրա խոսքով` ինքն այդպիսին է եղել նաեւ ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Պողոսյանը: «Մենք ունենք խնդիր, երբ որ քաղաքացուն ենթարկում են քաշքշուկի, երբ որ քաղաքացին գալիս է ինչ-որ պետական մարմին, եւ այդ մարմինն իրեն ուղարկում է երրորդ մարմնի մոտ, երրորդը՝ չորրորդի»,- ասաց Պողոսյանը:
Հարցին, թե ե՞րբ է համարելու, որ հաջողության է հասել կոռուպցիայի դեմ պայքարում, Պողոսյանն ասաց. «Թիմը եւ թիմի ղեկավարը նշել է եւ նշելու է, որ չի նկատելու լուրջ հաջողություններ այս պայքարում, քանի դեռ քաղաքացին իր մաշկի վրա չի զգացել այդ փոփոխությունները: Այսինքն` մենք բավարարված չենք լինելու այդ փոփոխություններով, շարքային քաղաքացին պետք է զգա այդ փոփոխությունները, քանի դեռ քաղաքացին բավարարված չէ, մենք անելիք ունենք»:
Դիտարկմանը, թե գուցե հենց իրենից պետք է սկսվեր, նկատի ունենալով, որ նրա անունը կապվում էր օֆշորային սկանդալի հետ, սակայն նա ջրից չոր դուրս եկավ, Պողոսյանն արձագանքելով, ասաց, որ եթե ինչ-որ շրջանակի չի բավարարում հարցի լուծումը, ապա դրանք անբավարարված օղակներ են:
Այլ մանրամասներ՝ Factor.am-ի տեսանյութում: