Դերասան Նարեկ Դուրյանը կրկին Հայաստանում է: Նախօրեին նրան հյուրընկալել էին LOFT ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում, որտեղ վերջինս հանդիպեց լրագրողների, իր արվեստի երկրպագուների ու երիտասարդների հետ: Հանդիպումը տևեց մի քանի ժամ, անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում, քննարկվեցին բազմաբնույթ հարցեր, դերասանի կողմից լսվեցին անսպասելի, ինչ խոսք, նաև հումորային պատասխաններ: Հանդիպմանը հաջորդեց դերասանի հետ 168.am-ի առանձնազրույցը:
– Պարոն Դուրյան, Դուք հետևողականորեն խուսափում եք լրագրողների հետ հանդիպումից: Ինչո՞ւ:
– Որովհետև գրեթե անընդհատ նույն հարցերն են տալիս ինձ՝ Ֆրանսիա-Հայաստան թեմայի շրջանակներում, ու սա դեռ հերիք չէ՝ բավականին հաճախ էլ չեն դնում այն, ինչ ես եմ ասում: Հաճախ է այդպես պատահում:
– Իսկապե՞ս:
– Հիմա կարող է՝ դա կոնկրետ Ձեզ համար զարմանալի է, բայց հայկական լրագրության մեջ հաճախ պատահող երևույթ է: Հետո կոնտեքստից կտրված մի քանի բառ են վերցնում, դարձնում իրենց վերնագիր, կողքին էլ գրում են՝ Նարեկ Դուրյան: Կարդացողը չի կարողանում հասկանալ՝ իրականում ի՞նչ եմ ասել, որովհետև ես դրանից առաջ և հետո էլի ինչ-որ բաներ եմ ասել, որոնք հանված են եղել:
NArek Duryan1
– Իսկ Դուք չե՞ք փորձել դատի տալ Ձեր խոսքն այդպես անբարեխղճորեն աղավաղող լրագրողներից որևէ մեկին:
– Օ, no… Է´դ էր պակաս՝ ես հային դատի տամ, դե ասեք՝ գնամ կախվեմ էլի՜: Գիտե՞ք ինչ, նույնիսկ «Մի րոպե մի բան ասեմ» նախագծի համար մի քանի հոգի ինձ ինտերնետներով վիրավորեցին, բայց նույնիսկ այդ իրավիճակում բացարձակապես նման ցանկության չառաջացավ: Հետո մտածում եմ, որ դա իրենց մեծարելու մի ձև է: Ինչո՞ւ նման բան անեմ:
– Ի՞նչն է Ձեզ ամենաշատը մտահոգում՝ ապագային հայացք նետելիս:
– Հայաստանի ապագան:
– Մշուշո՞տ եք տեսնում Հայաստանի ապագան:
– Այսօր արդեն շատ բաներ չեմ հասկանում … Ես մեծ խաղերի մասին եմ ասում՝ Ռուսաստան-Ամերիկա: Էն ներքին խնդիրներում, նույնիսկ, եթե մեզ պատին են դեմ տալիս, միևնույն է՝ ելքերը կգտնենք: Մենք շատ հնարամիտ ազգ ենք, դա ինձ չի վախեցնում, ես այդ մասին չեմ մտածում հիմա:
– Իսկ մեծ խաղերում մենք պարտվա՞ծ ենք:
– Անկեղծ չեմ հասկանում… Ես երբեք այդքան լուրերով հետաքրքրված չեմ եղել, ինչքան վերջերս, հատկապես, երբ Ուկրաինայի դեպքերը սկսվեցին: Նայում եմ թե´ «24», թե´ «Euronews», «Paris TV», և այլն … Էս խենթերը՝ էս մեծերը, սրանք էս ինչե՞ր են անում… Ես շատ մեծ հույս ունեմ, որ դիվանագիտական մեծ խելք կունենանք, որ ճիշտ ելքերը կգտնենք:
– Կարծում եք՝ մեր պաշտոնական-դիվանագիտական օղակը ճի՞շտ մարտավարական ուղի է ընտրել երկրի շահերը մեծ աշխարհում պաշտպանելու ուղղությամբ:
– Ես չեմ հասկանում:
– Մտածում եք ու չե՞ք հասկանում:
– Չէ… Ես անընդհատ ինձ նույն հարցն եմ տալիս՝ իսկ մենք ի՞նչ ունենք աշխարհին վաճառելու:
– Մենք արդեն գրեթե ամեն ինչ վաճառել ենք, ինչ ունեինք:
– Չէ, սպասեք, դա ուրիշ հարց է: Ես նկատի ունեմ՝ ինչո՞վ կարող ենք աշխարհին ներկայանալ, ի՞նչ կարող ենք աշխարհին առաջարկել:
NArek Duryan3
– Արևահամ ծիրան, հայկական ջերմուկ…
– Էէէ… լավ էլի: Օրինակ՝ Ռուսաստանը Չեչնիայի վրա դողում է, որովհետև այնտեղ նավթ կա, իսկ մենք ի՞նչ ունենք առաջարկելու, բացի տարածքից, որ գան, ամրանան, բազաներ դնեն:
– Իսկ ի՞նչ պետք է ունենայինք, պարոն Դուրյան:
– Դե, ինչ-որ ռեսուրսներ, օրինակ՝ բնական պաշարներ:
– Իսկ ասենք՝ զարգացած ինտելեկտը կամ բարձրարժեք արվեստն աշխարհին ներկայանալու տարբերակներ չե՞ն, Ձեր կարծիքով:
– Ինտելեկտի համար պատերազմներ չեն անում:
– Բայց ինտելեկտով ներկայանում են:
– Հա… ու ինտելեկտն առնում-տանում են:
– Ըհը˜ն, պարզեցինք, որ ինտելեկտ ունենք, ու որ դա տանում են, սա՝ մեկ: Գուցե զարգացած տնտեսությո՞ւն էլ ունենայինք:
– Գուցե, եթե լիներ՝ լավ կլիներ:
NArek Duryan12
– Իսկ ինչո՞ւ չկա, Ձեր կարծիքով:
– Ես չգիտեմ՝ ինչո՞ւ չկա, դա Դուք պետք է իմանաք, բայց էդ արդեն մտահոգիչ է, որ չկա, չնայած զարգացած տնտեսությունը ո՞րն է՝ ծիրա՞ն պետք է վաճառեինք:
– Չէ, ինչո՞ւ: Տնտեսապես զարգացած երկրներում միայն ծիրա՞ն են վաճառում:
– Էս հողի վրա ուրիշ ոչինչ չի բուսնում, ո´չ ավոկադո է բուսնում, ո´չ…
– Լավ խաղող է բուսնում՝ զարգացած գինու արտադրություն կարող էինք ունենալ: Թարսի նման՝ խաղողն այնքան շատ է, չեն էլ հասցնում մթերել:
– Ֆրանսիայի, Իտալիայի, Կալիֆոռնիայի կողքին՝ ի՞նչ գինու արտադրություն պետք է ունենանք: Լա՜վ էլի, մի երազեք…
– Լավ, եկեք չերազենք, չնայած իմ կարծիքով՝ սա ո´չ երազանք էր, ո՛չ էլ, առավել ևս, այդքան անհասանելի… Պահո՞ւմ եք այնպիսի մի բան, որ վաղուց պետք է դեն նետած լինեիք:
– Իհարկե, իմ բոլոր մանկական ու պատանեկան սիրային բանաստեղծություններս պահում եմ:
– Ինչո՞ւ:
– Որովհետև հավատում եմ դրանց, առաջին սերը գիտե՞ք ի՜նչ հզոր բան է…
– Կարող եմ պատկերացնել… ու, որ առաջին սերը միշտ կուտ է գնում, դա էլ եմ պատկերացնում:
– Բա, իհա՛րկե, թե չէ կլիներ վերջինը:
– Պատահո՞ւմ է, որ Դուք ինքներդ Ձեզ հետ խոսեք:
– Մտքում ՝այո, միշտ վիճում եմ ինքս ինձ հետ:
Աղբյուրը`168.am