Այս տարվա հունվարի 1-ին դիզվառելիքի շուկայում գնաճ արձանագրվեց` բենզինը թանկացել է մեկ լիտրը 20 դրամով, դիզելային վառելիքը՝ 60 դրամով: Դիզվառելիքի թանկացման պատճառով կթանկանան նաև մյուս ապրանքները, անգամ տրանսպորտը: Պատկան կառույցները դեռ չեն հիմնավորել, թե որքանո՛վ է արդարացված դիզվառելիքի, իսկ նախորդ տարի էլ` առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը: Իսկ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանն իրեն «շռայլել» է հնգօրյա արձակուրդ:
Մինչ պաշտոնյաներն աստիճանաբար արթնանում են Նոր տարվա ճոխ սեղանային թմբիրից, «Ելք» դաշինքը նախատեսել է հունվարի 19-ին` ժամը 17:00-ին, երթ կազմակերպել ընդդեմ թանկացումների: Araratnews.am-ը խորհրդարանական ուժերից հետաքրքրվեց, թե ի՛նչ կարծիք ունեն այս եւ նախորդ տարվա թանկացումների մասին եւ ի՞նչ քայլեր են անելու՝ դրանց դեմն առնելու համար:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բացասաբար է վերաբերվում թանկացումներին, որոնք չեն կարող չանդրադառնալ մեր ՀՆԱ-ի վրա: «Ոլորտի պատասխանատուները չեն հիմնավորում, թե թանկացումների իրական պատճառը որն է: Որպես խորհրդարանական ուժի ներկայացուցիչ՝ մենք պահանջել ենք հիմնավոր բացատրություն»,- ասաց նա:
Կմիանա՞ «Ծառուկյան» խմբակցությունը «Ելք» դաշինքի երթին: Վահե Էնֆիաջյանն ասաց, որ առաջին անգամ է լսում այդ մասին. «Երբ «Ելքը» պաշտոնապես կդիմի մեզ, կքննարկենք, կորոշենք»:
ՀՀԿ-ից ու նրա կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ից պատասխան ստանալ չհաջողվեց: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոստացավ կես ժամից խոսել, իսկ հետո զանգերն անպատասխան մնացին: «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար, թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից» մտքի հեղինակ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն (մականունը՝ Թունելի Հակոբ) էլ հարցը լսելուն պես ասաց՝ զբաղված է ու անջատեց հեռախոսը: ՀՅԴ պատգամավորներն էլ գրեթե նույն կերպ վարվեցին: Դաշնակցական Ռոմիկ Մանուկյանը հորդորեց ԱԺ-ի նիստերը սկսելուն պես իր հետ խոսել: Հարցին, թե ՀՅԴ-ն կմիանա՞ «Ելք» դաշինքի բողոքի ակցիային, օրենսդիր մարմնի անդամն ասաց՝ տեղյակ չէ, թե խոսքն ինչի՛ մասին է:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն էլ, ինչպես միշտ, հերթական անգամ «հիմնավորել է» դիզվառելիքի թանկացումը՝«մեղքը բարդելով» հարկային օրենսգրքի վրա: Մինչդեռ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն այլ բան է փաստում՝ դիզվառելիքի մանրածախ շուկայում միասնական գնային քաղաքականություն է, որը վկայում է՝ կա հակամրցակցային համաձայնություն:
Սոնա Դավթյան