ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության համակարգող Իգնասիո Սանչես Ամորը հույս է հայտնում, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանում կազդեն ոչ միայն ընտրական գործընթացների վրա, այլև կփոխեն մարդկանց վերաբերմունքն ընտրությունների նկատմամբ:
Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում տեղակայված 9/18 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ ապրիլի 2-ին կդիտարկեն ընտրությունները, իսկ գնահատականները կհնչեցնեն ապրիլի 3-ին:
«Մենք կսպասենք վաղվան, որպեսզի քվեարկության ընթացքի վերաբերյալ մեր գնահատականները տանք: Այսօր մենք դիտարկում ենք ու գնահատականներ չենք հնչեցնի գործընթացի հետ կապված»,- նշեց նա:
Դիտորդական առաքելության համակարգողը հավելեց, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրել է 300 դիտորդ: «Մեր դիտորդները դիտարկում են ընտրությունները հանրապետության ողջ տարածքով: Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը և ժողովրդին ջերմ ընդունելության համար»,- նշեց Իգնասիո Սանչես Ամորը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ներկայացուցիչ Բեկկեվորդ Գեեր Յորգենն էլ հրաժարվեց քվեարկության ընթացքի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց` ընդգծելով, որ գնահատականներ կհնչեցնեն ապրիլի 3-ին, իսկ այս պահին իրենց գործը քվեարկության ընթացքը դիտարկելն է: