Կենտրոնական հետախուզական վարչությունը երեկ գաղտնազերծել է մի փաստաթուղթ, որի համաձայն՝ գերատեսչությունում հենց սկզբից չեն հավատացել, որ Իրաքը կապ ունի 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերի հետ։ Գաղտնազերծված նամակը ուղղված է եղել սենատոր Կարլ Լևինին։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Նամակում հերքվում է այն ենթադրությունը, թե 2001 թվականի ահաբեկչությունների կազմակերպիչ Մուհամադ Ատան Պրահայում հանդիպել է իրաքյան հետախուզության հետ։ Այս պնդումը բազմիցս կրկնել էր ԱՄՆ փոխնախագահ Դիք Չեյնին։ Այն Իրաք ներխուժելու հիմնական փաստարկներից մեկն էր, ինչպես նաև խոսվում էր Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության մասին, ինչը հետագայում նույնպես չապացուցվեց։