ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կողմից կիրառվող հարցաքննության մեթոդների վերաբերյալ սենատի զեկույցի էլեկտրոնային տարբերակը Amazon համացանցային խանութում բեսթսելեր է դարձել: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Զեկույցի թվային տարբերակը՝ նախատեսված Kindle-ների համար արժի 2,99 դոլար: Այն արդեն հայտնվել է հետախուզության մասին գրքերի լավագույն եռյակում:
Փաստաթուղթն ավելի մասսայական է քան Պուլիցերյան մրցանակի դափնելոր Ջեյմս Ռիզենի «Ամեն գնով» և Յան Ֆլեմինգի «Ադամանդե մաքսանենգները» վեպերը:
Հետաքրքրական է, որ զեկույցը կարելի է ձեռք բերել անվճար. դրա համար ուղղակի պետք է ներբեռնել այն սենատի կայքից:
Նշենք, որ ավելի վաղ սենատի հետախուզական հանձնաժողովի հրապարակած զեկույցից հայտնի էր դարձել, որ ԿՀՎ-ն հարցաքննությունների ժամանակ պարբերաբար դիմել է կասկածյալներին նսեմացնելու, ծեծելու և քնից զրկելու միջոցների: