Քրտնքի հիմնական (99%) բաղադրիչը ջուրն է : Մաշկի մակերեսից քրտինքը գոլորշիանալով զովացնում է մարմինը` ազատելով գերտաքացումից (դրա համար է, որ մրսածության դեպքում հիվանդին աշխատում ենք լավ քրտնացնել, որ ջերմությունն իջնի):
Քրտինքն օգտակար է նաև այլ իմաստներով: Քրտնագեղձերի արտազատուկների մեջ կա դերմիցին, որը հակամանրէ ազդեցություն ունի: Դա , փաստորեն, բնական “հակաբիոտիկ” է, որն օրգանիզմը պաշտպանում է զանազան բակտերիաներից, այդ թվում նաև` աղիքային ցուպիկից:
Բոլորը միանման չեն քրտնում: Սովորաբար, տղամարդկանց մոտ կրկնակի շատ քրտինք է արտադրվում, քան կանանց մոտ: Տարիքի հետ թե կանայք և թե տղամարդիկ ավելի քիչ են քրտնում:
Հետաքրքիր է, որ կան մարդիկ, ում քրտինքը կարմիր երանգ ունի: Որպես կանոն, այդպես է արտահայտվում հազվագյուտ մի հիվանդություն, որը կոչվում է հեմատիդրոզ: “Արյունոտ քրտինքն” իրականում արյուն է պարունակում, որը քրտնքի մեջ է հայտնվում քայքայված արյունատար անոթներից: Քրոմիդրոզի դեպքում քրտինքն ունենում է կարմիր, դեղին, երկնագույն, կանաչ կամ էլ այլ երանգ: Լինում է նաև “ծիածանագույն քրտինք”, որն օրգանիզմում հայտնված քիմիական նյութերի հետևանք է: Սակայն քրոմիդրոզ է լինում նաև լրիվ առողջ մարդկանց մոտ, որի պատճառը սակայն գիտությանն անհայտ է:
Իրականում, քրտինքն առանձնահատուկ հոտ չունի: Իսկ եթե այն տհաճ է բուրում, ապա կնշանակի, որ մարդը կամ հիվանդ է կամ էլ օրգանիզմը խարամակալել է: Առողջ մարդու քրտինքի հոտը լրիվ տարբեր է հիվանդինից: Դա պայմանավորված է օրգանիզմում կատարվող նյութափոխանակության տարբերությամբ:
Քրտնքի հոտով են ախտորոշվում որոշ հիվանդություններ: Քրտնքի հոտը պայմանավորված է նաև էմոցիոնալ վիճակով ու անգամ սննդակարգով:
Մի հետաքրքիր դիտարկում է արվել.բանից պարզվում է, որ բուսակեր տղամարդկանց հոտն ավելի դուրեկան է կանանց համար, քան մսակերներինը:Հետաքրքրական է, որ մինչև սեռահասունացման տարիքի երեխաների քրտինքը գրեթե անհոտ է:
Անկախ էմոցիոնալ վիճակից, առողջությունից կամ էլ սննդակարգերից, քրտինքը անհատական բնութագրեր ունի, որոնք կարելի է մատնահետքերի փոխարեն օգտագործել նույնականացման նպատակով:
Մարդու օրգանիզմում երկու տեսակի քրտանագեղձ կա` ապոկրին ու էկրին; Վերջինները շատ են ու տարածված գործնականում ողջ մարմնով մեկ, մինչդեռ ապոկրին գեղձերը հիմնականում անութափոսերում են, աճուկային հատվածներում: Դրանք չեն մասնակցում ջերմակարգավորմանը, սակայն արձագանքում են սթրեսներին: Դրանց արտազատուկներն այնքան էլ շատ չեն, սակայն պատասխանատու են մեր բույրերի ու հոտերի մեծ մասի համար` բակտերիաների զարգացմանը նպաստող նյութերի մեծ քանակի պատճառով: