2017-ի ապրիլի 2-ին համացանցում հրապարակվել է մասնավորապես «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հաղորդագրությունն այն մասին, թե իբրև քրեակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպում են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ և ավելացրել, որ կտրոն տրամադրելու վերաբերյալ ազատազրկված անձանց պահանջին ուշադրություն չդարձնելով՝ ստիպում են ծրարն արագ գցել քվեատուփի մեջ և լքել տարածքը, հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից։
«Նույն հաղորդագրության համաձայն` բոլոր քրեակատարողական հիմնարկներում նույն իրավիճակն է տիրում, և դա մի նպատակ է հետապնդում. որ վերջում ծրարից հանեն ՀՀԿ քվեաթերթիկը, իսկ մյուսները` դեն նետեն:
Քրեակատարողական ծառայությունն ի գիտություն պարզաբանում է, որ ընտրական հանձնաժողովների կազմավորման, դրանց գործունեության կազմակերպման, ինչպես նաև տեղամասային կենտրոններում քվեարկությունը կազմակերպելու իրավասությունը վերապահված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, տարածքային ընտրական հանձնաժողովներին և տեղամասային ընտրական հանձնաժողովներին»,-ասված է ՔԿՎ հայտարարության մեջ։