Այս տարվա սեպտեմբերին, գրել էինք, որ էկոնոմիկայի նախկին նախարար, 2013-ից մինչ օրս Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Դավթյանի «թեթև» ձեռքով նախարարության աշխատակազմի ղեկավար, ներկայումս տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանի մակագրությամբ 2012-ի մարտին աշխատանքից ազատվեց 10-15 աշխատակից: Նրանց շարքում էին Դավիթ Թադեւոսյանը, Սամվել Առաքելյանն ու Անդրանիկ Գուլքանյանը, որոնք դատական կարգով վիճարկեցին աշխատանքից իրենց ազատելը, քանի որ քաղծառայողներին իրավունք չունեն աշխատանքից ազատել:
5 տարվա դատական գործընթացից հետո դատարանը հայցվոր կողմի օգտին վճիռ կայացրեց, ըստ որի` Սամվել Առաքելյանի, Անդրանիկ Գուլքանյանի և Դավիթ Թադեւոսյանի օգտին նախարարությունից պետք է բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար` 2012-ի սեպտեմբերից ամսից մինչեւ դատական գործընթացի ավարտը: Աշխատակիցների հաշվարկով` իրենց հասանելիք գումարը 7-10 մլն դրամ է: Դատավճռի հրապարակումից անցել էր 8 ամիս, սակայն սայլը տեղից չէր շարժվում, թեեւ պատկան կառույցը՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը հավաստիացնում էր՝ փոխհատուցման համար դիմել են ֆինանսների նախարարություն:
Մեր հրապարակումից մեկ ամիս անց մեզ տեղեկություններ հասան, որ ֆինանսների ու տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունները միմյանց վրա են գցել փոխհատուցման բեռը: Ֆինանսների նախարարությունը դժգոհել է, թե ինչո՛ւ պիտի փոխհատուցի իր արտաբյուջեի հաշվին այլ նախարարության աշխատակիցներին: Ի վերջո, եկել են ընդհանուր հայտարարի. Araratnews.am-ին հայտնի է դարձել, որ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն իր արտաբյուջեից ընդհանուր առմամբ 20 մլն դրամ է փոխանցել աշխատակիցներին:
Սոնա Դավթյան