ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը իշխանություններին ուշագրավ մեսիջ հղեց: Առաջին հայացքից փաստաբանի հայտարարությունն իրավական է, և ինքն իր աշխատանքն է կատարում՝ պաշտպանելով մեղադրյալ Քոչարյանի շահերը, սակայն այդ հայտարարության մեջ հեռու գնացող նպատակներ կան:
Ալումյանն ասում է. «Մինչ այդ մենք արդեն անդրադարձել էինք այն հարցին, որ 2008 թվականին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք էր առաջադրված 7 հոգու՝ առավել ակտիվ մասնակիցներին՝ Ալեքսանդր Արզումանյան, Սուրեն Սիրունյան, Հակոբ Հակոբյան, Շանթ Հարությունյան և մյուսներ՝ սահմանադրական կարգի տապալում: Հետո, 2009-ին Սահմանադրության համապատասխան հոդվածը՝ 300-րդ հոդվածն էր այն ժամանակ, փոխվեց, և հիմա սահմանադրական կարգի տապալումը նախատեսված է 300.1-րդ հոդվածով: Նշված 7 հոգու նկատմամբ այդ փոփոխության արդյունքում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց այն պատճառաբանությամբ, որ 300.1-րդ հոդվածը խստացնում է, վատացնում է անձի վիճակը, համեմատած 2008 թվականի գործող օրենքի, և հետևաբար քրեական իրավունքի հանրաճանաչ սկզբունքից ելնելով՝ այդ 7 հոգին խուսափեցին քրեական պատասխանատվությունից՝ սահմանադրական կարգի տապալման համար: Քրեական հետապնդումից խուսափեց նաև մեր հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիմա մեր փաստարկներից ընդամենը մեկն այն էր, որ նույն ստանդարտը պետք է կիրառվի նաև պարոն Քոչարյանի նկատմամբ: Չի կարող Քոչարյանի դեպքում հակառակ մոտեցումը կիրառվել»:
Ալումյանն այս հայտարարությամբ չի խոսում Քոչարյանի անմեղության կամ արդարացման մասին, Ալումյանն ասում է, որ եթե անգամ «պարոն Քոչարյանը» մեղավոր է, ապա օրենքի փոփոխությունը պետք է ազդի նրա վրա, և նրա նկատմամբ հարուցված քրեական գործը պետք է կարճվի:
Փաստենք այն հանգամանքը, որ նման թաքնված մեսիջով Քոչարյանն արդեն հանձնվել է և իշխանությունների վրա մատ թափ տալուց անցում է կատարել «փրկություն աղերսելուն»: Ալումյանն այս հայտարարությունով նպատակ ունի իշխանություններին հուշել՝ բանակցելու Քոչարյանի ազատ արձակման, նրա նկատմամբ քրեական գործը կարճելու և «խաղաղություն» հաստատելու մասին: Իհարկե նոր իշխանությունն էլ այն ընդունել չի կարող մի պարզ պատճառաբանությամբ, որ նորերը հանցավոր համաձայնությունների և, որ ամենակարևորն է, գաղտնի «խաղերի» մեջ չեն կարող մտնել: Եթե նորերն էլ հների նման սկսեն «կուլիսային» բանակցությունները, ինչը Քոչարյանի և նրա թիմի ցանկությունն է և արդեն նաև՝ առաջարկը, նորերը կկորցնեն այն մեծ հեղինակությունը, որն այսօր ունեն:
Քոչարյանն իր հերթին հասկացել է, որ ինքն այլևս «միակ տղամարդը» չէ, և մեդիա արշավներով, կեղծիքներով ու, որ ամենակարևորն է, փողով այլևս չի կարող մոլորեցնել նոր սերնդին: Քոչարյանն իր փաստաբանի շուրթերով, գուցե մի փոքր իրավական ձևակերմամբ և նաև մի փոքր էլ ագրեսիվ տոնով, սակայն իշխանությունից փրկություն է աղերսում: