տուն Լուրեր Քոչարյանի հարցազրույցի վեթինգը

Քոչարյանի հարցազրույցի վեթինգը

204
0

Երեկ Ռոբերտ Քոչարյանը «TV5» հեռուստաընկերությամբ (որն ըստ լուրերի Քոչարյանինն է) ծավալուն հարցազրույց է տվել, անդրադարձել իրեն առաջադրված մեղադրանքին, դատական համակարգի բարեփոխումներին, իշխանության քաղաքականությանը, Արցախի խնդրին:

Հետաքրքիր է, որ Քոչարյանի այս հարցազրույցը նախորդում է դատարանի այսօր ժամը 16-ին հրապարակվելիք վճռին: Այսօր պարզ կլինի՝ Հայաստանի երկրորդ նախագահը վերադառնո՞ւմ է ԱԱԾ մեկուսարան, թե՞ մնում ազատության  մեջ: Մինչ դատարանի վճիռը անդրադառնանք հարցազրույցի որոշ դրվագների:

Քոչարյանի կարծիքով՝  իշխանության ներկայացուցիչները, որոնց նա համարում է առաջին ալիքի հեղափոխականներ,  չպետք է ժողովրդի անունից խոսեն, քանի որ ժողովրդի սիրուց դեպի ատելություն մեկ քայլ է: Սակայն, վերջինս մոռանում է, որ հեղափոխականները ժողովրդի անունից խոսելու իրավունքը վաստակել են ազատ և արդար ընտրությունների արդյունքով, որին ինքը երբեք չի  արժանացել իր իշխանության տարիներին: Հեղափոխականները ժողովրդի սերը վաստակել են ընտրություններում առանց ընտրակաշառքի, քրեական հեղինակությունների աջակցության, ծեծուջարդի ու այն արատավոր երեւույթների, որոնց  աջակցությամբ  վերարտադրվել  է Քոչարյան-Սարգսյան տանդեմը 20 տարի շարունակ:

Քոչարյանը խոսում է այս իշխանության՝ օրենքից վեր կանգնելու մասին:  Սո՛ւտ է, քանի որ  իշխանության թիմակցի՝ Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված գործ կա, իսկ ամիսներ առաջ  կալանավորվեց առողջապահության նորանշանակ փոխնախարար Արսեն Դավթյանը՝ կաշառք վերցնելու համար:

Հայաստանի նախկին ղեկավարը ժողովրդի հանդեպ սերը համարում է ժողովրդի կենսամակարդակի օրի օրի բարձրացումը՝  աչք փակելով  հեղափոխությունից հետո նվազագույն կենսաթոշակի 15.000-ից 25.000 դրամ դարձնելու, 2019 թ. առաջին եռամսյակում 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտների  25 տոկոսով կամ 64.1 մլրդ դրամով փաստացի աճի, 51.000 աշխատատեղ ստվերից դուրս բերելու եւ այլ փաստերի վրա:

Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվողի հաջորդ թիրախը դատական համակարգիի փոփոխություններն են: Քոչարյանը բողոքում է, թե իշխանությունը  ցանկանում է դատական համակարգն իր ազդեցության տակ վերցնել վեթինգով: Իրականում, վարչապետ Փաշինյանը հստակ հայտարարել է՝ վեթինգի նպատակն է բացահայտել այսօրվա դատավորների կապերը, ծագումնաբանությունը, ինչպես նաև ստեղծել  անկախ, քաղաքական ոչ մի ուժի չսպասարկող դատարան:

Իսկ ինչպիսին է այսօրվա դատական համակարգը, որով այդքան հպարտանում է երկրի ղեկը 10 տարի ստանձնածը, հերքում իր ժամանակաշրջանում դատավորների վրա  ճնշումների լուրերը: Անցյալ տարի ՀՔԾ-ի մեղադրանքի եւ «Վիկիլիքսի» տվյալների համաձայն՝ 2008 թ., երբ Քոչարյանն էր երկրի ղեկավարը եւ ընդդիմությունը՝ ի դեմս Տեր-Պետրոսյանի, վիճարկում էր նախագահական ընտրությունների արդյունքները, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի դատավորի վրա ճնշում էր գործադրել, որպեսզի նա Սերժ Սարգսյանի օգտին որոշում կայացնի:

Չմոռանանք նաև Հյուսիսային պողոտայի հետ կապված դատական գործերը, երբ մարդկանց վտարում էին սեփական տներից, չէին խնայում անգամ քաղցկեղով հիվանդին, իսկ այդ պողոտայի բնակիչների հայցերը քննող դատավորներին նախագահականից կարգադրում էին՝ Հյուսիսային պողոտայի հետ կապված գործերը լուծել հօգուտ իրացնողների: Ու այսքանից հետո Հյուսիսային պողոտան Քոչարյանը ներկայացնում է ձեռքբերում, ուղղակի անհասկանալի է:

Նրա մյուս մեղադրանքն իշխանության հասցեին սեփականության վերաբաշխման կեղծ ահազանգն է: Եթե վերաբաշխման գործընթաց լիներ, հազիվ  Քոչարյան-Սարգսյան զույգի կառավարման տարիներին աշխատած գործարարները, որոնք իրենց բիզնեսը, անգամ անվտանգությունը պահելու համար ծվարում էին իշխանության շվաքի տակ պատգամավորի մանդատով՝ այդպիսով վարկաբեկելով նաև օրենսդիր մարմինը, հազիվ թե այսօր շարունակեին բիզնես գործունեություն ծավալել: Իսկ սեփականության վերաբաշխման փոխարեն նախկին նախագահը լավ կլինի ի վերջո բացահայտի «ծակ շալվարով» (Նիկոլ Փաշինյանի հայտնի  արտահայտությամբ — Ս. Դ.) պաշտոնյա դառնալու եւ արագ  հարստանալու գաղտնիքը:

Քոչարյանի հաջորդ «հենասյունը» ու իր պատկերացմամբ՝ իշխանության «խոցելի» կետը Արցախի խնդիրն է, հերոսներից «ալերգիա» ունենալը, Արցախը բեռ համարելը: Դարձյալ մանիպուլյացիա, քանի որ այսօր իշխանությունը՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փորձում է Արցախը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ, երբ Քոչարյանի  իշխանության ժամանակ այն դուրս մնաց բանակցություններից: Քոչարյանը խոսում է Արցախից՝ որպես կարևոր արժեքի, իրեն համարում հող գրավող, մինչդեռ հայտնի է, որ Ադրբեջանին Մեղրիով միջանցք տրամադրելու առաջարկ է քննարկվել նրա օրոք՝ դեռեւս մինչեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը:

Իսկ «հերոսներից ալերգիա» ունենալու մեղադրանքն ուղղակի անհեթեթ է, ավելին՝  այդ «ալերգիայով» տառապում էր նախկին իշխանությունը, որոնք անտերության էին մատնել Արցախյան ազատամարտի մասնակիցներին, նրանց ընտանիքներին: Մինչդեռ այդ նույն ազատամարտին մասնակցած մի քանիսը, արժեզրկելով ազատամարտիկի ու հերոսի կերպարը, Արցախի ազատամարտում իրենց մասնակցությունը տարիներով «վաճառում» էին  սեփական ժողովրդին, իրենց արտոնյալ ու անպատիժ համարում,  սեփական բարեկեցությունն ապահովում պետության հաշվին:

Եւս մեկ հակասություն Քոչարյանի հարցազրույցում: Նա հանցագործության հաղորդում է տալիս՝ հայտարարում է՝ 1990-ականներին եղել է մեծ թալան, միաժամանակ չի զղջում, որ իշխանության գալուց հետո Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանին գնահատական չի տվել:

Էմոցիոնալ այլ որակումներին հարկ չենք համարում անդրադառնալ, քանի որ արդարադատության առաջ կանգնողին այս դեպքում այլ բան չի մնում:

Սոնա Դավթյան