ՀՀ Կառավարությունը ԱԺ-ին ներկայացրել է նախագիծ, որով առաջարկվում է անտառները ոչնչացնելու, ապօրինի ծառահատումների համար խստացնել քրեական և վարչական պատասխանատվությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը Ազգային ժողովի նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Քրեական և վարչական օրենսդրության փոփոխությամբ էականորեն խստացվել են ապօրինի անտառահատումների հետ կապված պատժաչափերը, ինչպես նաև ներմուծվել են նոր կարգավորումներ, մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի մեջ ներմուծվել է ծառերը, թփերը առանց թույլտվության տեղափոխելու վերաբերյալ հոդվածը, ինչպես նաև համայնքային սեփականություն համարվող անտառների հետ կապված իրավահարաբերություններ, նույն արարքը մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում վարչական տույժից հետո քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կարգավորումներ»,- ներկայացրեց Գրիգորյանը:
Փաթեթը մշակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ դատախազության և քննչական կոմիտեի կողմից: Այն առավելագույնս ուղղված է օրենսդրական սողանքները փակելուն և համարժեք պատիժ նախատեսելու ապօրինի անտառահատումների համար:
Մասնավորապես, անտառային հողերում, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչեւ աճի դադարեցման աստիճանի վնասելը, եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել կամ կատարվել են նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, առաջակվում է պատժել տուգանքով: Առաջարկվող տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկն է: Առաջարկվում է նաև որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նույն արարքները, որոնք կատարվել են, պաշտոնեական դիրքն օգտագործելով, բնության հատուկ պահպանվող տարածքներում կամ էկոլոգիական աղետի, կամ արտակարգ էկոլոգիական դրության գոտում, խոշոր վնաս պատճառելով ՀՀ Կարմիր գրքում գրանցված ծառատեսակներին կամ բուսածածկին պատժել տուգանքով: Առաջարկվող տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկին է կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ հինգից յոթ տարի ժամկետով, կամ կալանքը՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով: Կամ սահմանել ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա:
Նույն արարքները, որոնք առաջացրել են առանձնապես խոշոր վնաս, նախագծով առաջարկվում է պատժել ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով։
Իսկ անտառներ, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, ինչը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի հետևանքով, եւ եթե այդ գործողությունները զգալի վնաս են պատճառել, առաջարկվում է ևս պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով: Առաջարկվում է նաև պատժել ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Նույն գործողությունները, որոնք խոշոր չափերի վնաս են պատճառել, առաջարկվում է պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Անտառներ, ինչպես նաեւ անտառային հողերի մեջ չմտնող տնկարկներ դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, ինչը կատարվել է հրդեհման կամ հանրավտանգ այլ եղանակով, առաջարկվում է պատժել ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով: Կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա: