Այսօր «Մեդիա կենտրոնի» սրահում տեղի ունեցավ «ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը և լրագրողների մասնագիտական գործունեության հնարավոր սահմանափակումները» թեմայով ասուլիս:
Ասուլիսի բանախոսներից ՝ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն իր խոսքում ասաց.
«Ես, նշանակվելով այս պաշտոնին, տեսա, որ լրագրողները չեն պահում կարգը: Որոշ լրագրողներ ցանկանում են լինել արտոնյալի դերում: Հիմա մի քիչ ներկայացնեմ հավատարմագիրը կրելու կարգը: Ասեմ, որ բոլորդ գիտեք, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն ունեն որոշակի արտոնություններ: Մասնավորապես, նրանք իրավունք ունեն նկարահանումներ անելու, հարցեր տալու: ԱԺ պատգամավորը պետք է որևէ կերպ հասկանա, որ իրեն հարց տվողը ոչ թե քաղաքացի է, այլ լրագրող: Եթե համեմատենք այն փաստի հետ, որ քաղաքացիական հագուստով ոստիկանը մոտենա, հրահանգ տա ու քաղաքացուն բերման ենթարկեն հրահանգը չկատարելու համար: Ցանկալի է նաև որ դրսում էլ լրագրողները իրենց վկայականները կրեն իրենց վրա: Բոլոր քաղաքացիները, ովքեր մուտք են գործում ԱԺ, ստանում են անցագիր, որը փակցնելը ևս պարտադիր է:Ի վերջո, մենք քննարկում ենք կարգ, այն դեպքում, երբ կարգն արդեն իսկ ընդունված է»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանն էլ խոսեց թյուրըմբռնումների մասին:
«Եկեք պատկերացնենք, թե մականունավոր պատգամավորներից մեկը ճեմում է Աժ միջանցքում, մտածելով, թե ինչպես զարգացնի իր բիզնեսը, մոտենում է մի լրագրող, իսկ պատգամավորն ասում է, որ դու ինձ խոչընդոտում ես իմ աշխատանքում: Էստեղ ավելի շատ փոխըմբռնման մթնոլորտ պետք է ստեղծել ու այս տիպի դրույթները պետք է հանել: Բայց ես կուզենայի անդրադառնալ մեկ այլ դրույթի: Երբ այս կարգը ժամանակին ընդունվեց, ԶԼՄ-ները սուր քննադատության ենթարկեցին 18-րդ կետը. լրագրողի արտոնագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել, եթե լրագրողը ԱԺ պատգամավորի մասին լուր է տվել, որը չի համապատասխանել իրականությանը դատական պրոցեսով անցնելու արդյունքում: Մենք գիտենք, թե դատարաններն ինչպիսի որոշումներ են կայացնում: Ստացվում է, որ օրինակ Հայկական Ժամանակի թղթակիցը, եթե հավատարմագրված լիներ ԱԺ-ում, պետք է թողներ ԱԺ-ն վաղաժամկետ, երբ երեք պատգամավորներ դատի տվեցին Հայկական Ժամանակին: