տուն Լուրեր Քննադատելու փոխարեն, պետք է սատար կանգնել իշխանություններին

Քննադատելու փոխարեն, պետք է սատար կանգնել իշխանություններին

108
0

1923800_1078509038877912_3959238355070931001_n

Վահան Բաբայանի նոր «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ է նաև դերասանուհի Անահիտ Մութաֆյանը։

«Ես շատ վաղուց եմ զբաղվում հասարակական աշխատանքով և որոշեցի լինել նաև քաղաքական դաշտում: Սկսեցի Վահան Բաբայանի հետ համագործակցել, որովհետև Վահանին ճանաչում եմ դեռևս «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, երբ նախանցած տարի պայքար սկսվեց և մենք համագործակցում էինք մի համազգային շարժման շրջանակներում:  Եվ հիմա ծանոթանալով նորաստեղծ կուսակցության գաղափարին, ծրագրերին, իմանալով որ երիտասարդ կուսակցություն է, երիտասարդները շատ են, ես որոշեցի համագործակցել»,- araratnews.am-ի հետ զրույցում պատմեց դերասանուհին՝  պարզաբանելով, թե ինչու է որոշել լինել քաղաքականության մեջ և ընտրել հենց Վահան Բաբայանի կուսակցությունը:

Ըստ Անահիտ Մութաֆյանի՝ ինչպես Վահան Բաբայանը, ինքը  ևս աչքի էր ընկնում իր ընդդիմադիր հայացքներով, և բոլորովին վերջերս իր հայացքն ուղղվեց դեպի իշխանություն.«Իմ և Բաբայանի համար պետությունը մեկն է: Եթե մենք կարող ենք ինչ-որ մի օգուտ տալ, կապ չունի՝ ընդդիմադիր, թե իշխանական դաշտում կլինենք: Մեզ համար կարևորը օգտակար լինելն է մեր պետությանը՝ թե որպես ընդդիմադիր, թե որպես իշխանամետ. միևնույն  է մեզ համար»:

Հարցին՝ ինչո՞ւ փոխվեցին նրա տեսակետները, արդյոք դրանք փոխվեցին Վահան Բաբայանի խորհրդով՝ դերասանուհին նշեց.«Ոչ ոք չի կարող փոխել իմ տեսակետները, քանի դեռ ես ինքս չցանկանամ փոխել: Քառօրյա պատերազմից հետո ես հասկացա, որ քննադատելու փոխարեն, պետք է սատար կանգնել իշխանություններին: Այսօր քննադատողները շատ են: Բոլորս էլ կարող ենք քննադատել, մենք մոնիտորների հետևում կանգնած առյուծներ ենք դառնում, բայց ոչ ոք չի ուզում մի բան անել: Գուցե իշխանությունն ունի իմ կարիքը, ձեր կարիքը, այն մյուսի կարիքը: 100 տոկոսով վատ մարդ, վատ գործիչ չի լինում, պետք է ամեն ինչի մեջ լավը տեսնել և լավի հետևից գնալ»:

Իսկ թե ինչո՞ւ ժողովուրդը պետք է հավատա նորաստեղծ կուսակցությանը և ի՞նչ ունեն առաջարկելու՝ Անահիտ Մութաֆյանը պատասխանեց.«Մենք դրա մասին կխոսենք մեր հիմնադիր համագումարից հետո, երբ ամեն ինչ արդեն հստակ կլինի՝ մեր քաղաքական ուղին, մեր քաղաքական հայացքները: Իսկ թե ինչո՞ւ ժողովուրդը մեզ պետք է հավատա. ոչ ոք չի ստիպում ժողովրդին «պիտի»-ով հավատալ, մենք մեր գործով կապացուցենք, որ պետք է մեզ հավատալ, որովհետև այսքան տարիների ընթացքում, երբ պարոն Բաբայանը եղել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր խոստումները կատարել է»:

Մեր դիտարկմանը, որ Վահան Բաբայանն իշխանափոխություն էր խոստանում, որն այդպես էլ չեղավ՝ մեր զրուցակիցը հավելեց.«Մեկ ծաղկով գարուն չի գալիս»:

Դերասանուհին նաև փաստեց, որ քաղաքականությունը չի ազդելու իր դերասանական աշխատանքի վրա.«Ես երբեք չեմ թողնի թատրոնը, կինոն, ոչ մի դեպքում: Դա իմ կյանքն է, իմ կենսակերպը: Ես և պարոն Բաբայանը համաձայնության ենք եկել, որ կուսակցության ներսում պետք է զբաղվեմ միայն մշակութային հարցերով: Տա Աստված, որ մեր կուսակցությունը 2017 թվականին լինի ԱԺ-ում, և ես կփորձեմ մեր պատգամավորների հետ միասին բարեփոխումներ կատարել մշակութային դաշտում, որպես հոգացավ մարդ»: