տուն Լուրեր Բլոգ Քեզ թվում է՝ դու հիմա անկա՞խ ես. Ալեն Սիմոնյան

Քեզ թվում է՝ դու հիմա անկա՞խ ես. Ալեն Սիմոնյան

135
0

77
Ինձ շատ դժվար էր ընտրություն կատարել, թե ինչի մասին կուզենայի գրել: Թեմաները գլխումս թռչկոտում էին, բայց ոչ մի բան այնքան գրավիչ չէր, որ ուզենայի գրել: Ուշանալով հոդվածի հանձնման բոլոր հնարավոր ժամկետներից՝ մի խոսակցություն օգնեց ինձ՝ վերջապես ընտրություն կատարելու թեմայի հարցում: Եկեք պայմանականորեն անվանենք այդ թեման ռուս-հայկական հարաբերություններ:
Մենք զավեշտի հասնող մի հետաքրքիր սովորություն ունենք՝ ամեն ինչում փնտրել հայերին, հայկական տառեր, ազգանուններ: Հպարտանալ, որ այս կամ այն հայտնի մարդը Հայ է, բայց միեւնույն ժամանակ, երբ խոսք է լինում ռուսների մասին, Ռուսաստանի մասին, ռուսերենի մասին, մի մեծ զանգվածի մոտ հողն ուղղակի փախչում է ոտքերի տակից: Իսկ մի ստվար զանգվածի մոտ հաճույքից նույնիսկ ձայնն է բարակում, ասենք՝ Պուտինի անունը լսելիս: Ու, որպես կանոն, սկսվում է մի պրոցես, որի արդյունքում բանախոսը գալիս է եզրակացության, որ կարելի է նաեւ հրաժարվել ՀՀ անկախությունից, եւ, արդարացնելով իրեն, ասում է. «Քեզ թվում է՝ դու հիմա անկա՞խ ես»:
Ավարտելով տասնամյա ռուսական դպրոց, ցավով պետք է նշեմ, որ ես չեմ կարդացել հայոց լեզվով ոչ մի գեղարվեստական գիրք: Դժվարությամբ կկարողանամ հայ բանաստեղծներից որեւէ մեկից գոնե մեկ քառատող անգիր ասել, ինձ նույնիսկ դժվար է հայերեն մեծ տեքստեր կարդալը: Փոխարենը ես շատ ավելի լավ տիրապետում եմ ռուսաց լեզվին, ամբողջ գեղարվեստական գրականությունը, որ ես երբեւէ կարդացել եմ, եղել է բացառապես ռուսերեն: Ես հեշտությամբ կարող եմ ռուսերենով անգիր արտասանել բանաստեղծություններ ու բավական լավ գիտեմ Ռուսաստանի պատմությունը: Այս ամենը, բնականաբար, մեծ հարգանք է ձեւավորել ռուս ժողովրդի եւ նրա մշակույթի նկատմամբ: Ընդհանրապես, ես դեմ չեմ ոչ մի կոնկրետ երկրի, մշակույթի կամ լեզվի, ես դեմ եմ իմ ունեցածի նկատմամբ ցանկացած ոտնձգության: Ես հայ եմ: Ու ինձ անհասկանալի է, թե ինչպես կարող է գիտակից մարդը, որը տվյալ ազգի ներկայացուցիչ է, հոժարակամ համաձայնել հրաժարվել սեփական լեզվից՝ հօգուտ մեկ այլ լեզվի: Անկախ պատճառներից եւ հանգամանքներից, նորմալ մարդն ինչպե՞ս կարող է, տեսնելով, թե ինչպես է հարեւան տանը մի եղբայրը ծեծի ենթարկում մյուսին ու տան մի մասը խլում, հրճվանք ապրել այդ ուժի կիրառումից: Ինչպե՞ս կարող է մարդը, ով անկախություն է ստացել արյան գին վճարելով, հրաժարվել նույնիսկ ամենափոքր անկախությունից: Հրաժարվել, որովհետեւ՝ «վիդիտե լի», իրեն հարմար է ռուսերեն խոսելը, ու ինքը ենթադրում է, որ այդպես ինքն ավելի անվտանգ կլինի: Ո՞ւմ է պետք այդ անվտանգությունը, եթե պարզ չէ, թե ով ես դու: Այս ամենը հավատացեք ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, սա հասարակ ներքին խնդիր է: Սա հասարակ արժանապատվության խնդիր է, սեփական ինքնությունը չգիտակցելու, չգնահատելու մի նոր «Երեւանյան հիվանդություն»:
Ես հիմա բավականին լավ տիրապետում եմ հայոց լեզվին, լավ թե վատ ունեմ իմ երկիրը, որն ունի պետական լեզու եւ սահմաններ, ու այո՝ ես անկախ եմ:

Ալեն Սիմոնյան հատուկ ԱՐԱՐԱՏ ամսագրի համար: