
Minval.az-ն այդ առնչությամբ գրում է, որ այն ժամանակ, երբ Ադրբեջանը գտնվում է Հայաստանի եւ Արեւմուտքի տեղեկատվական ճնշման տակ, Ադրբեջանի ԱԳՆ-ում դիվանագետների ապաստան խնդրելու հետ կապված միմյանց հետեւող սկանդալներն իշխանություններին ստիպել են շտապ կադրային փոփոխությունների դիմել գերատեսչությունում:
Էլմար Մամեդյարովը Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում է 2004 թվականի ապրիլից:
Կայքի աղբյուրների համաձայն` Էլմար Մամեդյարովին փոխելու պլանը օրակարգ էր եկել 2013 թվականին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները խստացրել էին Ղարաբաղյան հակամարտության բանակցություններում հռետորաբանությունը: Պարզվում է, որ այդ ժամանակ, երբ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին փոխարինեցին Զաքիր Հասանովով, պետք է փոխվեր նաեւ ԱԳՆ ղեկավարը` Ալիեւի մշակած պլանով Ղարաբաղյան հակամարտության հարցում «հարձակողական դիվանագիտության անցնելու» համար:
Այժմ Ադրբեջանում գտնում են, որ Մամեդյարովին չի հաջողվել «օգտվել» «հարձակողական դիվանագիտություն» ներդնելու հարցում Նախագահի տված հնարավորությունից: Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն ուղղված արատասահման այցելելու հրավերները, արտասահմանյան երկրների պատվիրակությունների այցերը ԼՂ նույնպես համարվում են ԱԳՆ-ի արտաքին քաղաքական կուրսի «անատամ դիվանագիտության» արդյունք:
Իշխանական մարմիններից կայքին հասած տեղեկություններով` Մամեդյարովի պաշտոնանկության վերաբերյալ վերջնական որոշումն արդեն ընդունված է: Տեղեկացված աղբյուրները հայտնում են, որ նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո Էլմար Մամեդյարովը կնշանակվի ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, իսկ 2014 թվականից այդ պաշտոնը զբաղեցնող Յաշար Ալիեւը կնշանակվի փոխարտգործնախարար:
Ադրբեջանում խոսում են նաեւ, որ Մամեդյարովը կփոխարինվի փոխարտգործնախարար Արազ Ազիմովով, որն այդ ոլորտում աշխատում է սկսած 1989-1990-ական թվականներից, իսկ փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 1994 թվականից:
Ադրբեջանի ԱԳՆ-ի` «հարձակողական դիվանագիտության» անցնելու պլանի համաձայն` Արազ Ազիմովին զուգահեռ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հավակնորդներ են համարվում նաեւ Ղարաբաղյան հարցում «սկզբունքային» դիրքորոշում ունեցող, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:
Ըստ կայքի` Ադրբեջանի քաղաքական ետնաբեմում ԱԳՆ ղեկավարի պաշտոնի հավակնորդ են համարում նաեւ պատգամավոր Ազայ Գուլիեւին, ում Ադրբեջանում համարում են «հայերի դեմ տեղեկատվական պատերազմում լուրջ ներդրում ունեցած անձ»: