Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կոչ է արել Եվրամիության մյուս երկրներին ավելին անել Էբոլա վիրուսի դեմ պայքարի համար: BCC-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է հնչել ԵՄ-ի գագաթնաժողովի նախօրեին:
«Ակնհայտ է, որ ռիսկի համար մեկ գործոնը Էբոլայի ճգնաժամն է, և կարևոր է միջոցառումներ ձեռք առնել հենց օջախում՝ արևմտյան Աֆրիկայում: Նրա խոսքերով՝ Մեծ Բրիտանիան օրինակ է ցուցադրել Սիերա Լեոնեում՝ տուժողներին ավելի քան 125 միլիոն ֆունտ տրամադրելով: «Սակայն մեզ պետք է, որ եվրոպական երկրներն ավելին անեն», — նշել է նա:
Հիշեցնենք, որ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հաղորդման համաձայն, ներկայում գրանցվել է վիրուսով հիվանդացության շուրջ 10 հազար և մահացության՝ մոտ 4900 դեպք: Ընդգծվում է նաև, որ այդ տվյալները նշանակալիորեն նվազեցված են: Իրական ցուցանիշները կարող են շուրջ 2,5 անգամ ավելին լինել:
Նշենք, որ 1976թ.-ին այս վիրուսն առաջին անգամ արձանագրվել է Զաիրում (ներկայումս՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) և անվանակոչվել այն գետի անունով, որի ափին գտնվել է առաջին հիվանդների բնակատեղին: