Շաբաթ օրը Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ հերթական հարսանեկան արարողությանն էր մասնակցում: Սերժ եւ Ռիտա Սարգսյաննները շախմատիստ Լեւոն Արոնյանի հարսանիքի քավորն էին:
Սա Սերժ Սարգսյանի մասակցությամբ առաջին հարսանեկան արարողությունը չէ: Հանրապետության նախագահի աթոռը զբաղեցնող Սարգսյանին հաճախակի կարելի է տեսնել ծննդյան արարողությունների, հարսանիքների, անգամ կնունքների: Սարգսյանը իշխանական էլիտայի ներկայացուցիչների երեխաների հարսանիքին մասնակցելու համար անգամ երկրից երկիր է թռչում:
Araratnews.am-ն ներկայացնում է այս տարվա ընթացքում տեղի ունեցած այն հարսանիքները, որոնց ներկա է գտնվել Սերժ Սարգսյանը: Նշենք, որ թիվը կարող է ճիշտ չլինել, պայմանավորված այն հանգամանքով, որ Ս. Սարգսյանի մասնակցությամբ ոչ բոլոր հարսանեկան արարողությունների մասին է մամուլում տեղեկություններ տարածվել:
2017 թվականի հունիսի 24-ին Սերժ Սարգսյանը ներկա է եղել ՀՀ եւ ԼՂՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանի դստեր հարսանիքին: Պսակադրությունը կայացել է Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, հարսանեկան խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում։ Այն պատկանում է Կարեն Կարապետյանին:
Այս տարվա հուլիսի 3-ին տեղի է ունեցել աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հարսանիքը, հարսնացուն իսպանացի էր: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Էջմիածնի Ս. Հռիփսիմե եկեղեցում:
Սերժ Սարգսյանը եւս հյուրերի շարքում է եղել:
Հուլիսի 21-ին էլ Սերժ Սարգսյանը քեֆի մեջ է եղել: Նա մասնակցել է ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքին: Խաչատրյանի դստեր եւ «Էլլադե» մուշտակների ու այլ խանութների սեփականատիրոջ որդու պսակադրությունը կայացել է Խաչատրյանի կառուցած Եղվարդի Սուրբ Սարգիս նորաբաց եկեղեցում, խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում:
Հուլիսի 29-ին էլ է Սարգսյանը ներկա է եղել հարսանեկան արարողության: Նա այս անգամ մասնակցել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի որդու՝ Հայկ Ամիրյանի հարսանեկան արարողությանը:
2017 թվականի օգոստոսի 29-ին Սերժ Սարգսյանը Գյումրիում մասնակցել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ավագ որդու` Կամոյի հարսանիքին:
Այս տարվա սեպտեմբերի 18-ին Սարգսյանը Մոսկվայում մասնակցել հարսանեկան արարողության: Իշխանական էլիտայի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մասնակցել են «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարեն Կարապետյանի հարսանիքին:
Մեկ անգամ եւս նշենք, որ ներկայացվածը հնարավոր է` ամբողջական տեղեկատվություն չէ, եւ չի արտացոլում այն հարսանեկան արարողությունների ամբողջական ցանկը, որին ներկա է եղել Սերժ Սարգսյանն ընթացիկ տարում:
Փայլակ Ֆահրադյան