Քառյակի գործունեության մասին, ի սկզբանե, մենք ասել ենք, որ քառյակը քառյակ է, երբ որ չորս քաղաքական ուժեր կոնկրետ հարցի վերաբերյալ ունեն կոնսենսուս և ունեն միասնական դիրքորոշում:
Այս մասին այսօր Ազգային Ժողովում, քառյակի նիստից հետո, ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Սա կոալիցիա չէ, սա քաղաքական ուժերի համագործակցություն է: Որ հարցի վերաբերյալ քաղաքական ուժերից քանիսը, որ ունեն համաձայնություն՝ դա էլ մենք փորձում ենք կյանքի կոչել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքի հետ կապված բոլոր հարցերը կքննարկվի եռյակի հետագա հանդիպմանը:
Լրագրողների այն, հարցին, թե կարող ենք ասել, որ քառյակը կազմալուծվեց, քանի որ ՀՅԴ-ն չի մասնակցելու համապետական հանրահավաքին՝ Զոհրաբյանը պատասխանեց.
«Չեն կարող այդպես ասել, քանի որ խորհրդարանում, բազմաթիվ այլ հարթակներում չորս ուժերի համագործակցությունը լինելու է: Մենք միասին դիմելու ենք սահմանադրական դատարան, միասին նախաձեռնել ենք Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու Ազգային Ժողովի որոշման նախագիծը: Իսկ սահմանադրական բարեփոխումների հարցում գաղտնիք չէր, որ կան հակադիր կարծիքներ: Այդ իսկ պատճառաբանությամբ ՀՅԴ-ն չի մասնակցի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին»,-ասաց Զոհրաբյանը: