Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը մեծացրել է հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարները՝ ընդ որում, թե´ երկու երկրների միջեւ հարաբերությունների, եւ թե՜ տարածաշրջանային զարգացումների տեսակետից։
Ինչպես հայտնի է, Իրանը նպատակ ունի էլեկտրաէներգիա արտահանել Ռուսաստան։ Մի բան, ինչն ակնկալում է անել Հայաստանի տարածքով։ Դրա համար նպաստավոր պայման է ստեղծում հայ-իրանական երրորդ բարձրավոլտ գծի կառուցման պամար։ Այն հնարավորություն կտա գրեթե եռապատկել երկու երկրների էներգահամակարգերի միջեւ էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը։ Եթե այսօր այն կազմում է 350 ՄՎտ, ապա երրորդ բարձրավոլտ գծի կառուցումից հետո կհասնի 1000 ՄՎտ-ի։
Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամագրումը լրացուցիչ հիմքեր է ձեւավորել ինչպես այս, այնպես էլ այլ մտահղացումների իրականացման համար։ Սակայն, իհարկե, հայ-իրանական համագործակցության հեռանկարները չեն սահմանափակվում միայն դրանով։
Ինչպես հայտնի է, Հայաստանը մտադիր է նոր տնտեսական տարածքում կամուրջ դառնալ այլ երկրների, այդ թվում եւ իրանական գործարարների համար՝ միության շուկա մուտք գործելու ճանապարհին։ Այս մասին Իրանի նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ ուղղակիորեն հայտարարեց նաեւ եռօրյա պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի վարչապետը։
Ըստ նրա. «Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների եւ օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարությունը»։
Որքանով կհաջողվի ԵՏՄ կազմում մեծացնել իրանական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ՝ այս փուլում դեռ վաղ է խոսել։ Հատկապես որ, վերջին տարիներին նախանշված ծրագրերի իրականացման ընթացքը դանդաղել է։ Պատճառներն անշուշտ պայմանավորված են ոչ այնքան երկու երկրների հարաբերություններով, որքան Իրանի միջուկային ծրագրերի նկատմամբ միջազգային հանրության հակազդեցությամբ։ Չնայած այդ առումով նկատվում է լարվածության որոշ թույլացում, այնուհանդերձ գոնե առայժմ հայ-իրանական տնտեսական ծրագրերի ընթացքի վրա դա քիչ, թե շատ տեսանելի ազդեցություն չի ունենում։
Ձգձգվում է ինչպես Մեղրի ՀԷԿ-ի, այնպես էլ բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման շինարարությունը։ Այդ ծրագրերի մեկնարկը վաղուց տրված է, բայց նախորդ կառավարությանն այդպես էլ չհաջողվեց դրանց արագություն հաղորդել։
Ինչ կփոխվի գործող վարչապետի՝ Իրան կատարած այցելությունից հետո, ցույց կտա ժամանակ։ Մի բան փաստ է, որ հայ-իրանական տնտեսական նախագծերի աշխարհագրությունը բավական ընդգրկուն է։ Դրանց իրականացումը լուրջ խթան կդառնա երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների համար։
Վ.ՔՈՉԱՐՅԱՆ