տուն Լուրեր Քահանան թիթիզություն անելով նկարվել է արված որսի հետ. հայր Կոմիտաս վարդապետ

Քահանան թիթիզություն անելով նկարվել է արված որսի հետ. հայր Կոմիտաս վարդապետ

209
0

22222

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցու և Նոր Եդեսիա համայնքի հոգևոր հովիվը` տեր Ղևոնդ քահանա (Արարատ) Գափոյանը, լուսանկարներ էր հրապարակել, որտեղ ինքը նկարվել է սպանված կենդանիների հետ, որոնց մեջ կան նաև Կարմիր գրքում գրանցվածներ:

Araratnews.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կատարվածին, հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը նշեց. «Որսորդությամբ զբաղվել նշանակում է սիստեմատիկ այդ գործն անել որպես զբաղմունք, այսպես ասած հոբբի հասկացությունն է: Մենք չգիտենք` քահանան սիստեմատիկ նման բա՞ն է արել, թե՞ ընկերները գնացել են որսի, որս են արել, իրեն հրավիրել, ինքն էլ այդ թիթիզությունն անելով, նկարվել է արված որսի հետ: Հիմա ես չգիտեմ` ի՞նքն է այդ որսն արել, թե՞ ուրիշների արած որսի հետ է նկարվել»:

Դիտարկմանը, որ տեր Ղևոնդ քահանան լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ ինքը սիրում է որսորդությամբ զբաղվել, հայր Կոմիտասը նշեց. «Ավետարանում ոչ մի տող չկա, որ, ով քահանա, դու իրավունք չունես որսորդությամբ զբաղվելու: Հիմա երբ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեր որոշ քահանաներ իրենց հայրենակիցների կողքին կանգնած պաշտպանում էին սրբազան հողը, մենք չէինք ասում` քահանան իրավունք ունի՞ թշնամու դեմ զենք վերցնելու, թե՞ ոչ»:

Մեր նկատառմանը, որ այդ պարագայում զենք վերցնելու նպատակները տարբեր են, հայր սուրբը պատասխանեց. «Համաձայն եմ, բայց որսի մասին որևէ տող չկա Աստվածաշնչում, որ որսորդությամբ զբաղվելը հանցագործություն է կամ մեղք, չկա այդպիսի կետ…

Ես չեմ ուզում ասել` նորմա՞լ է դա, թե՞ ոչ, ես ասում եմ` քանի որ Աստվածաշնչի տեսանկյունից որևէ արգելող կետ չկա, հոգևորականը կարող է մի բան անել, ինչը մեղքի պարագա չի պարունակում, և չանել այն, ինչը մեղքի պարագա է պարունակում: Եթե սա մեղք է, հոգևորականն իրավունք չունի անելու, հիմա որսորդությունը, որևէ տեղ չկա գրված, որ մեղք է»:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ հրապարակված լուսանկարներում քահանան նաև նկարվել է Կարմիր գրքում գրանցված կենդանու հետ, հայր Կոմիտաս վարդապետն ընդգծեց. «Ուրիշ խնդիր է, որ մենք այսօր այնքան ենք բզկտել բնությունը, որ որոշ կենդանիներ մնացել են շատ քիչ, հայտնվել են Կարմիր գրքում, և փորձում ենք նրանց պաշտպանել, և այդ ճանապարհին ովքեր նմանատիպ կենդանիներ են սպանում, մենք նրանց մեղադրում ենք` որ այդպիսի օրենք կա, դուք օրենքն եք խախտում: Բայց քանի որ եկեղեցին չունի կետ, որ այսպիսի բան եթե անես, դա համարվում է մեղք, և պարտավոր ես պատժվել, ես չեմ կարող ոչինչ ասել, դժվար խնդիր է»:

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում էլ տեր Ղևոնդ քահանան ասել է, որ ինքը մեծացել է որսորդության մեջ, բայց կենդանին, որը գրանցված է Կարմիր գրքում, ինքը չի սպանել. «Ես նկարում պատկերված թռչունին ընկած տեսել եմ, վերցրել եմ, իմ սմարթֆոնով լուսանկարել: Այո, թուլություն ունեմ, սիրում եմ լուսանկարվել, ու հազարավոր նկարներ ունեմ: Նկարվեցի ու հասկացա, որ արդեն էդ թռչունին չեմ կարող օգնել»,- նշել էր քահանան:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից էլ մեզ տեղեկացրին, որ այժմ այս հրապարակումն ուսումնասիրվում է:

Հիշեցնենք` ընդամենը 3 շաբաթ առաջ էր, երբ հրապարակվեց հերթական ահազանգերից մեկը սպիտակագլուխ անգղերի որսի վերաբերյալ: Նշված դեպքում էլ «հերոսը» Արմավիրի մարզի Շենավանի ՀՀԿ-ական գյուղապետ Արթուր Մկրտչյանն էր, ով նկարվել էր սպանված անգղերի հետ, որոնք նույնպես գրանցված են Կարմիր գրքում, հետո էլ ասել, թե ինքն անգղերին տեսել է արդեն սպանված վիճակում և որոշել է նկարվել նրանց հետ: Որոշ ժամանակ անց նյութերի ուսումնասիրությունից հետո սպիտակագլուխ անգղերի որսի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, համաձայն որի քրգործ չի հարուցվել, որովհետև անցել են վաղեմության ժամկետները:

Քահանայի մասնակցությամբ որսի ժամանակ արված նկարներն էլ, նշվում է, արվել են 7-8 տարի առաջ: Այնպես որ, այս դեպքում էլ չի բացառվում, որ հանցագործությունը չի բացահայտվի, մեղավորները չեն պատժվի, գործն էլ կփակվի նույն պատճառաբանությամբ` անցել են վաղեմության ժամկետները…

ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ