տուն Լուրեր Բլոգ Քաղցկեղի բուժօգնության տրամադրումը պետք է վերանայվի. Մարինա Բաղդագյուլյան

Քաղցկեղի բուժօգնության տրամադրումը պետք է վերանայվի. Մարինա Բաղդագյուլյան

286
0

Լրագրող Մարինա Բաղդագյուլյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Հայաստանը 172 երկրների շարքում առաջին տեղն է զբաղեցնում քաղցկեղով հիվանդության աճի ու մահացությունների ցուցանիշով: Պաշտոնապես վերջին 10 տարիների ընթացքում չարորակ նորագոյացությունների հիվանդացությունն աճել է 80%-ով, իսկ մահացության ցուցանիշն աճել է 90%-ով: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում է այն մասին, որ բժիշկներին շուտ դիմելու դեպքում մահացությունը կնվազի: Քաղցկեղով հիվանդները, բնականաբար, պետք է դիմեն Ուռուցքաբանության ազգային կենտրոն` Քանաքեռ-Զեյթուն բ/կ: Որպես բժիշկներին շուտ դիմած հիվանդի հարազատ` փաստում եմ, որ այս կենտրոնն իր աշխատալեաոճով ավելի միտված է խթանելու, քան կանխարգալելու հիվանդությունը:
Ենթադրենք, 30 տոկոս աղքատության շեմը հաղթահարած մարդը դիմել է այս բ/կ: Հիվանդանոցի միջանցքներում երկար ու մաշող հերթերում կանգնած են քաղցկեղով հիվանդներ: Հիվանդը հերթում սպասում է ոչ 30 րոպե, ոչ էլ 1 ժամ: Առնվազն 3 ժամ հերթում սպասում է պարզ խնդիրներ լուծելու, ասենք` ռենտգեն /այստեղ տեսնել բոլոր մյուս հետազոտությունները/ անցնելու համար:
Հիվանդանոցում առկա են ճառագայթ ստանալու երեք սարքեր` մեկը շատ հին և վնասկար առողջության համար, մյուսը` քչեշատե թարմ, բայց` փչացած, երրորդը` ժամանակակից, բայց անհաս միջին վիճակագրական հիվանդի համար /արժողությունը 4.000 դոլար/:
Հիվանդանոցում հետազոտություններ անցնելու համար հիվանդը նախապես վճարում է 70 հազար դրամ, բայց ամեն հետազոտություն անցնելիս <կաբինայում> նրանից պահանջում են 1000-3000 դրամ: Երբ հիվանդն ակնարկում է, որ ինքն արդեն վճարել է ընդհանուր ծախսերի համար, բուժաշխատողը <ներում է>` “Լավ, չունես, մի տուր”:
Պետությունը գթասիրտ է գտնվել և հաշմանդումություն ունեցող քաղաքացիների համար քաղցկեղի համար նախատեսված դեղորայքից զեղչով օգտվելու հնարավորություն ընձեռել: Բայց հիվանդության արդեն 3-րդ ստադիայում գտնվող մարդը ստիպված է լինում սպասել 3 և ավելի ամիսներ, որպեսզի կարողանա օգտվել պետպատվերի ընձեռած զեղչից: Բնականաբար, հիվանդի հարազատները նախընտրում են վճարել սարսափելի թանկ դեղորայքի համար, միայն թե հիվանդն արագ ստանա անհրաժեշտ բուժումը. հասկանալի է` այս հիվանդության պարագայում ամեն օրը նշանակություն ունի:
Պետպատվերի ընձեռած արտոնությունները հիվանդանոցից ժամանակին <պոկելը> սխրանք է, որն արժենում է ժամանակ, ազդեցիկ ծանոթությունների միջամտություն և այլ հնարքներ:
Գրառումս չեմ ուզում ծանրաբեռնել վերելակների առաջ կուտակված հերթերի, առանձին հիվանդասենյակների և սանհանգույցի անմխիթար վիճակի, առանձին բժիշկների դառը վերաբերմունքի մասին դիտարկումներով:
Մի բան հաստատ է` Հայաստանում, որտեղ քաղցկեղի գծով ռեկորդներ են սահմանվում, բուժօգնության տրամադրումը` սկսած հիվանդանոցային պայմաններից մինչև պետական սուբսիդավորում, պետք է վերանայվի: Իսկ բուժաշխատողների բարեհաճ վերաբերմունքի կրթումն ու հղկումը Իսրայելում անցկացրած պրակտիկան չի փրկի. թերևս, բարոյականության և մարդասիրության մասին հանրամատչելի ձեռնարկների տրամադրմամբ սկսենք գործընթացը: Հերթերում մաշված, պարտքերի տակ ճզմված, աստիճաններով վերուվար անող հիվանդին բժշկի մեկ ժպիտը, մեկ բարեհաճ խոսքը կարող է օգնել, անգամ` փրկել: Եվ այսպիսի եզակի բժիշկներ կան. նրանց ընդունարանները օազիսի պես են հիվանդի և նրա հարազատների համար: Շնորհակալություն այս մասնագետներին: Շնորհակալություն այս երկար գրառումն ընթերցելու համար: Անհամբեր եմ տեղեկանալու Առողջապահության նախարարության արձագանքի և անհապաղ ձեռնարկվող քայլերի մասին: