տուն Լուրեր Քաղցկեղը բուժելիս սարքավորումների պակասը խանգարում է բժիշկներին իրենց դրսևորելու

Քաղցկեղը բուժելիս սարքավորումների պակասը խանգարում է բժիշկներին իրենց դրսևորելու

96
0

Untitled

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը, խոսելով քաղցկեղի դեմ պայքարի և հիվանդության բուժման հայաստանյան պայմանների  մասին, նշեց. «Հայ բժիշկների մասին ասել, որ իրենք լավը չեն, տեղեկացված ու գրագետ չեն, ուղղակի անթույլատրելի է, քանի որ մեր բժիշկներն ունեն բավականին բարձր մակարդակ և կարող են մրցել գերմանացի և ամերիկացի բազմաթիվ բժիշկների հետ: Մենք մեր կենտրոնում ևս ունենում ենք արտասահմանցի բժիշկներ, ովքեր աշխատում են տեղի բժիշկների հետ ու իրենց հիացմունքն են հայտնում: Այլ խնդիր է, որ մեր երկիրը չունի այն հնարավորություններն ու սարքավորումները, որոնք ունեն արևմտյան երկրները»:

Բանախոսի խոսքով՝ եթե ունենային ճառագայթային կամ քիմիաթերապիայի լայն հնարավորություններ, այցելուները երբևիցե դժգոհ չէին մնա. «Հիվանդանոցների հագեցվածությունը խանգարում է բժիշկներին դրսևորեն իրենց մինչև վերջ: Ունենք այն, ինչ ունենք: Հերթեր են առաջանում, ու մարդիկ ստիպված սպասում են, քանի որ, ցավոք, այսօր քաղցկեղով հիվանդ մարդիկ շատ են: Քիմիաթերապիայի շատ լավ բժիշկներ ունենք, բայց դեղորայքը թանկ է, այդտեղ բժշկի կամ առողջապահության համակարգի մեղքը ո՞րն է»:

Խաչանուշ Հակոբյանի խոսքով՝ միայն 2016 թվականին կենտրոնում հետազոտվել է 48.780 մարդ, որից միայն 18.208-ը` կրծքագեղձի քաղցկեղի համար: 819 կնոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Միևնույն ժամանակ, կրծքագեղձի քաղցկեղի համար հետազոտվել է 152 տղամարդ, որոնցից 4-ի մոտ է հայտնաբերվել կրծքագեղձի քաղցկեղ. «Նախորդ տարվա համեմատ ավելացել է վահանաձև գեղձի քաղցկեղով հիվանդների թիվը: 2016 թվականին մեր կենտրոնում անցկացվել է վահանաձև գեղձի 2000 հետազոտություն, որից 105-ի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Նախորդ տարի այդ թիվը 32 է եղել»: