Հունիսի 20-ից Երևանի Վարչական դատարանում քննվում է Շահեն Հարությունյանի դեմ Երևանի քաղաքապետարանի հայցը:
Հայցվոր կողմը պահանջում է պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու 2017 թվականի մարտի 19-ին հավաք անցկացնելու համար:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 16-ին Հաց բերող՝ Արթուր Սարգսյանի մահվանը հաջորդած օրերին, ի հիշատակ նրա, Շահեն Հարությունյանի նախաձեռնությամբ բողոքի ակցիաներ անցկացվեցին Երևանում: Շահեն Հարությունյանը Araratnews.am-ի հետ զրույցում Մարգարյանի քայլը որակել էր մանր վրեժխնդրություն: Դատական հայցից հրաժարվելու դիմում Երեւանի քաղաքապետին ներկայացրել էր նաեւ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, սակայն քաղաքապետը մերժել էր:
Այսօր Araratnews.am-ը Տարոն Մարգարյանին հարցրեց, թե լինելով քաղբանտարկյալի որդի, ինչո՞ւ չի հրաժարվում մեկ այլ քաղբանտարկյալի որդու դեմ ներկայացված դատական հայցից: Նշենք, որ նման ձեւակերպում տվել էր ինքը` Շահեն Հարությունյանը: «Օրենսդրությամբ այդ լիազորությունները տրված են քաղաքային իշխանությանը, բայց երբ որ երթեր են լինում, ոչ օրինական հավաքներ են կազմակերպվում, ոստիկանության կանչով ներկայանում են մեր ներկայացուցիչները եւ արձանագրում են այդ ամենը, եւ օրենքով մեր պատասխանատուները շարժվում են առաջ, մենք օրենքի տառն ենք պահպանում»,- ասաց Մարգարյանը, հավելելով, թե անձնավորված չէ դատական հայցը:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի եւ անձամբ իր կողմից շարունակվող ճոխ ծախսերին, ապա Տարոն Մարգարյանը հայտնեց, թե համակարծիք չէ, որ շռայլություններ է թույլ տրվել քաղաքի բյուջեի հաշվին:
Նշենք, որ օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ Երևանի քաղաքապետարանը Երևանի կոնյակի գործարանից միանգամից 500 շիշ կոնյակ է գնել: Այդ ամենի համար քաղաքային բյուջեից ծախսել է 11 մլն 850 հազար դրամ:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում:
Փայլակ Ֆահրադյան