Մարմնավաճառները Հայաստանում այն կարգի արտոնյալ վիճակում են գտնվում, որ նրանցից բողոքելիս քաղաքացիներն են հայտնվում դժվար կացության մեջ: Ներկայումս մարմնավաճառնեի դեմ բողոք ներկայացրած անձանցից մեկն էլ կալանքի տակ է գտնվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
Մարմնավաճառներից հմասնավորապես բողոքել են Ծերեթելիի խաչմերուկից դեպի բակեր գնացող հատվածում գործող «Փոքր Մայամի» հյուրնոցի հարևանությամբ գտնվող շենքի բնակիչները՝ պնդելով, որ հյուրանոցում աշխատող մարմնավաճառները խանգարում են իրենց անդորրը:
«Այս մարդիկ ամբողջ գիշեր ականատես են լինում կռիվների, ծեծկռտուքների, դանակահարությունների ու անգամ հայհոյանքներ են ստիպված լինում լսել: Արտաշեսյան 44 և հարակից շենքերի բնակիչները բազմաթիվ անգամներ դժգոհել են այս երևույթի դեմ՝ նամակներ ուղարկելով թե´, քաղաքապետարան, թե´ ոստիկանություն, բայց ապարդյուն, իսկ բնակիչներից մեկն էլ՝ Վազգեն Կարապետյանը, հետապնդվում է իրավապահների կողմից միայն այն բանի համար, որ մի քանի անգամ հորդորել է մարմնավաճառներին չհավաքվել իրենց բակում: Հետո ոմն Իգոր Կովակյով նրա դեմ ցուցմունք է տվել՝ մեղադրելով շորթման մեջ, ու չնայած ոչ մի ապացույց դեպքի առթիվ չկա, այդ մարդն այժմ կալանավորված է»,-նկատեց նա՝ ընդգծելով, որ Կովակյովը որոշակի գործարքների մեջ է մտնում մարմնավաճառների հետ:
Եթե անգամ ենթադրենք, որ Կարապետյանի կալանքի պատճառը շորթումն է եղել, ապա այստեղից հարց է առաջանում, թե արդյոք մարդն իրավունք չո՞ւնի բողոքել իր անդորրը խանգարող մարմնավաճառների դեմ: Պատասխանը մեկն է՝ մարմնավաճառությունը քրեորեն պատժելի արարք չէ: Այս միտքն էլ ընդգծեց հադիպման հաջորդ բանախոս «Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտե» կազմակերպության նախագահ Աշոտ Աթոյանը:
«Մարմնավաճառության բիզնեսը հովանավորվում է իրավապահ մարմինների կողմից՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն ու դատարան։ Անընդունելի է մարմնավաճառներին այսքան արտոնություններ տալը: Ես չեմ ասում, որ այս մարդիկ իրավունք չունեն զբաղվել իրենց ընտրած զբաղմունքով, բայց դա էլ պետք է լինի պետության կողմից հսկվող վայրերում»,-ասաց Աթոյանը:
Ինչ վերաբերում է բողոքների արդյունքներին, ապա Աթոյանը շեշտեց՝ մարմնավաճառները միայն վարչական տուգանքի են ենթարկվում, որի չափը որոշում է դատավորը: