տուն Լուրեր Կենսաթոշակների վերաբերյալ նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ

Կենսաթոշակների վերաբերյալ նախագիծը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ

148
0

ՀՀ Ազգային ժողովը քվեարկությամբ լիագումար նիստերի օրակարգ չընդգրկեց « Լուսավոր Հայաստան» խմբակցության գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում էր կենսաթոշակ ստանալու համար լիազորագրի ժամկետը 1 տարուց երկարացնել մինչեւ 15 տարի:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:

«Օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը նպատակ ունի պաշտպանել կենսաթոշակառուների իրավունքները: Խոսքը, մասնավորապես, տեղաշարժման խնդիրներ ունեցող, ինչպես նաև երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է: Խնդիրն այն է, որ անձինք, ովքեր տարիներ շարունակ աշխատել ու վճարել են հարկերը, սահմանված նորմերի կիրառման արդյունքում մեկնելով արտերկիր զրկվում են կենսաթոշակի իրավունքից: Մյուս կողմից՝ անկողնային հիվանդ քաղաքացին, ում ծերության կենսաթոշակը ստանալու բանկային քարտի 12-ամսյա ժամկետը լրանում է, հայտնվում է բարդ խնդրի առաջ, քանի որ բանկերից հրաժարվում են գալ ու ստորագրություն վերցնել նոր քարտ տրամադրելու համար»,- ասաց Գրիգորյանը:

Այսպիսով` խմբակցությունն առաջարկում էր օրենքի մակարդակում ապահովել անձանց կենսաթոշակի իրավունքը՝ բացառելով արտասահման մեկնելու կամ անկողնային հիվանդություն ձեռք բերելու դեպքում այդ իրավունքից զրկումը: Մասնավորապես, առաջարկվող կարգավորմամբ լիազորագրի ժամկետը 1 տարուց երկարացվելու էր մինչեւ 15 տարի: Իսկ կառավարության որոշումների միջոցով կարող էր լուծվել 15 տարվա ընթացքում եւ այդ ժամկետը լրանալու դեպքում անկողնային հիվանդ կենսաթոշակառուներին այցելելու կարգը:

Գլխադասային հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:

«Լիազորագրի համար 15 տարի տալը բազմաթիվ ռիսկեր է պարունակում: Մենք չենք կարող հետևել, թե 15 տարվա ընթացքում լիազորված մարդիկ ինչով կզբաղվեն, իսկ Հայաստանից դուրս ապրում են բազմաթիվ քաղաքացիներ, այսպիսով գործընթացը անվերահսկելի է դառնում: 15 տարվա ընթացքում կարող են լինել մահվան դեպքեր, երբ ՀՀ-ն չիմանա, որովհետև հյուպատոսություններում և դեսպանատներում մարդկանց մահվան դեպքերը գրանցվում են միայն այն ժամանակ, երբ Հայաստանում առկա են կտակի կամ քաղաքացիաիրավական այլ հարցեր, որոնք պետք է լուծվեն: Համաձայն եմ, որ խնդիրը կա և պետք է լուծում ստանա»,- ասաց պատգամավորն ու նշեց, որ խնդրին ավելի կարճ ու համալիր լուծում պետք է տրվի:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց՝ բոլոր խմբակցությունների կողմից բովանդակային առումով, խնդրի էության առումով կա կոնսենսուս, սակայն խնդիր կա թվային և այլ տեխնիկական հարցերի առնչությամբ: Քանի որ գրեթե բոլորը բովանդակային առումով խնդիր չեն տեսնում, առաջարկեց հարցի քննարկումը տեղափոխել հանձնաժողով և այնտեղ լուծումները գտնել, նորից բերել լիագումար նիստի օրակարգ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ քննարկմամբ պատգամավորներն ապացուցեցին, որ կարելի է կառուցողական քննարկում կազմակերպել հենց նիստի ընթացքում և պետք չէ նյութերը հետ ուղարկել:

Նախագիծն օրակարգ ընգրկելու համար կողմ քվեարկեց 38, դեմ՝ 47, ձեռնպահ՝ 12 պատգամավոր: Այսպիսով` նախագծերի փաթեթը չընդգրկվեց ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: