Ազգային ժողովի նիստի ընթացքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ բանավեճ տեղի ունեցավ։
Մասնավորապես, երբ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը ներկայացրեց շուրջ 18 հազար քաղաքացիների համար կենսաթոշակը 25.500 դրամ դարձնելու մասին նախագիծը, որով նախատեսվում է հաղթահարել աղքատության շեմը, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հակադարձեց․ «25 հազար դրամ տվեցիք մարդկանց, ու նրանք այլևս ծայրահեղ աղքատ չե՞ն»։
Փոխնախարարը պատասխանեց, որ որպես անհատ՝ այդ թոշակառուն կանցնի ծայրահեղ աղքատության շեմը․ «Բայց աղքատությունը հիմնականում այլ կերպ է հաշվարկվում՝ ընտանիքի կազմով, ու եթե որպես անհատ կենսաթոշակառուն հաղթահարել է այդ շեմը, նա կարող է շարունակել մնալ աղքատ ընտանիքի անդամ»։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Մանե Թանդիլյանն էլ իր հերթին հայտարարեց, որ կյանքի որակը բացառապես դրամական ձևաչափով չի արտահայտված, այլ նաև ապրելակերպով։
Արտահերթ ելույթով արձագանքեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ում զարմացրել էր քննարկման ուղղությունը։«Ես հասկանում եմ՝ կամերաների առաջ հաճելի է ունենալ դեմագոգիկ ելույթներ։ Կարող եք առաջարկել՝ իսկ ինչո՞ւ չի սահմանվում 100․000 դրամ, և էսպիսի բազմաթիվ հայտարարություններ»,- ասաց Միրզոյանը։
ԱԺ նախագահը առաջարկեց սթափ վերաբերվել նմանատիպ հարցերին, և ընդգծեց, որ 2 ամսվա կառավարությունը հսկայական քայլ է անում։ «Եթե կան էական վերապահումներ, կոչ եմ անում երկու ընդդիմադիր ֆրակցիաներին դեմ քվեարկել օրինագծին»,- հավելեց Արարատ Միրզոյանը։