Սահմանադրական դատարանի վճիռը Վանաձորի ավագանու նիստերի հակասահմանադրական լինելու մասին արդեն ընդդիմադիրների ձեռքին է: Սակայն դեռ չգիտեն՝ որոնք են լինելու նրանց հաջորդ քայլերը, եթե Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հրաժարական չտա: Ընդդիմադիրներից ոմանք կարծում են՝ գնդակը հիմա ԿԸՀ-ի դաշտում է: ԿԸՀ-ը պետք է նոր ընտրությունների մասին հայտարարի:
Araratnews.am-ը կապ հաստատեց ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանի հետ, տեղեկանալու, թե ինչ քայլեր է անելու ԿԸՀ-ը ՍԴ-ի վճռի հրապարակումից հետո: «ԿԸՀ-ն ինքն իրենով որեւէ գործընթաց չի սկսելու եւ անելիք չունի»,- ասաց Տիգրան Մուկուչյանը, ապա ավելացրեց՝ Հայաստանում չէ: «Երբ վերադառնամ, ավելի մանրամասն կխոսենք»,- խոստացավ ԿԸՀ-ի ղեկավարը:
«Ծառուկյան» դաշինքի խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Ararartnews.am-ի հետ զրույցում հորդորեց հարցն ուղղել ԲՀԿ-ի Վանաձորի ներկայացուցիչներին: «Կուսակցությունն իր որոշումը կկայացնի, բայց մենք հիմա խոսում ենք տեղական մարմինների մասին: Մենք լիարժեքորեն ՏԻՄ-ի մեր ներկայացուցիչներին օժտել ենք գործիքակազմով, որի շնորհիվ կկարողանան ինքնուրույն իրավիճակը ներկայացնել, հետևաբար դիմեք իրենց»,- ասաց Էնֆիաջյանը:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ Վանաձորի ավագանու հաջորդ նիստին՝ նոյեմբերի 22-ին, «Ծառուկյան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչները չեն մասնակցելու:
ՀՀԿ-ում էլ Վանաձորի քաղաքապետի հետագա ճակատագրի հետ կապված հարցը դեռ չի քննարկվել: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ը չի քննարկել ՍԴ-ի վճիռն ու հետագա քայլերը:
Սոնա Դավթյան