«Երեւան սիթի» սուպերմարքեթների ցանցում հաճախ ենք տեսնում վաճառքի դրված զեղչված ապրանքներ: Մինչդեռ ոչ միշտ է, որ այդ զեղչերն իրական են: Araratnews.am-ը երեկ Տիգրան Մեծի պողոտայի «Երեւան սիթի» սուպերմարքեթում փոքրիկ հետաքննություն անցկացրեց: Պարզեցինք, որ ՀՀԿ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի սուպերմարքեթում կեղծ զեղչեր կան:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կեղծված զեղչերը պետք է ուսումնասիրի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ): Մասնավորապես, ՏՄՊՊՀ-ն պետք է պարզի՝ «Երեւան սիթի» սուպերմարքեթը հարկային մարմիներին տեղեկացրե՞լ է զեղչված ապրանքների մասին: Եթե տեղեկացրած չլինի, հանձնաժողովի աշխատանքը հեշտանում է՝ կարող է միանգամից տուգանել սուպերմարքեթների ցանցին՝ սպառողին մոլորեցնելու համար: Իսկ եթե տեղեկացրել է, ՏՄՊՊՀ-ը պետք է ուսումնասիրի հարկային մարմնում առկա զեղչված ապրանքի բոլոր փաստաթղթերը:
Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում սահմանված չէ, թե ինչ է զեղչը: «Ավելի վատ օրինակ բերեմ՝ եթե տնտեսավարողը 1000 դրամանոց ապրանքը 2000 դրամով վաճառի, հաջորդ օրը կարող է ասել՝ 20 տոկոս զեղչ եմ անում եւ ապրանքը վաճառի 1600 դրամով»- նշում է սպառողների շահերի պաշտպանը:
Ինչպե՞ս խուսափել կեղծ զեղչերից եւ չընկնել տնտեսավարողների ծուղակը: ՀԿ-ի ղեկավարը երկու տարբերակ է առաջ քաշում՝ երբ սպառողը նախապես գիտի «զեղչված» ապրանքի գինը եւ երկրորդ՝ ՏՄՊՊՀ-ի մշտադիտարկումն այս օրերին սուպերմարքեթներում:
Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև սուպերմարքեթից, սակայն ապարդյուն՝ հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Թե ինչպես կարձագանքի Ալեքսանյանի առեւտրային կենտրոնը կամ կարձագանքի՞, կտեսնենք: Մինչ այդ հորդորում ենք Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին` հետամուտ լինել մեր ահազանգին եւ քայլեր ձեռնարկել:
Մանրամասները՝ տեսանյութում:
Սոնա Դավթյան