Կենտրոնական բանկի գնահատումներով, հունվար-փետրվարին Հայաստանում արձանագրված տնտեսական ակտիվությունը սպասվածից ավելին է եղել։ Դրան նպաստել է գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտների կանխատեսվածից բարձր աճը։ Եթե առաջինում այն կազմել է 3,6, ապա երկրորդում՝ 0,8 տոկոս։
Դրանով հանդերձ, տնտեսական ակտիվությունը Հայաստանում տարեսկբզին դեռեւս ցածր է, ինչի վրա բացասական ազդեցություն են ունեցել ոչ միայն արտաքին, այլեւ ներքին գործոնները։ Խոսքը վերաբերում է առաջին հերթին ֆինանսական համակարգին, որն էապես պասիվացել է՝ կրելով նաեւ Կենտրոնական բանկի` անցած տարվա վերջի գործողությունների ուղղակի ազդեցությունը։ Որքան էլ ԿԲ-ն վերջին շրջանում տարբեր գործիքներով փորձում է նպաստել տնտեսական գործընթացներին, այնուհանդերձ, հակված չէ գնալ ամենակարեւոր ցուցանիշից մեկի՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման։
Անցած օրը կայացած նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը հաստատվել է 10,5-ի սահմանում։ Սա 3,75 տոկոսով ավել է նախորդ տարվա վերջի համեմատ։ Նման կարճ ժամանակահատվածի համար այսպիսի կտրուկ փոփոխությունը, մեղմ ասած, այնքան էլ չի բխում տնտեսության շահերից։ Չնայած դրան, ԿԲ խորհուրդը առայժմ նպատակահարմար չի համարում դրա վերանայումը, թեեւ առաջիկայում չի կանխատեսում նաեւ գնաճային քիչ թե շատ էական ճնշումներ։ Ինչպես հայտնի է, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն, առաջին հերթին, ուղղված է հնարավոր թանկացումների զսպմանը։
Որքան էլ տարեսկզբին գնաճի մակարդակը Հայաստանում բարձրացել է, այնուհանդերձ, այն շարունակում է գտնվել նախատեսված թիրախի սահմաններում։ Փետրվարին 12-ամսյա գնաճը կազմեց 5,4 տոկոս՝ թույլատրելի առավելագույն 5,5-ի փոխարեն։
Անշուշտ, այն ընդհուպ մոտեցել է թիրախի վերին սահմանին։ Սակայն Կենտրոնական դրամատունը, դրա հետ կապված, լուրջ մտահոգություններ չունի։ Ուստի կարծում է, որ առաջիկա ամիսներին գնաճը կպահպանվի թույլատրելի միջակայքի վերին սահմանի շրջակայքում, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին։
Գնաճային ճնշումներ ընդհանրապես չեն սպասվում արտաքին հատվածից։ Ավելին, կանխատեսվում են նույնիսկ գնանկումային ազդեցություններ։
Թվում է, թե ձեւավորված միջավայրը բարենպաստ հիմք է ստեղծել վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման համար, ինչը կարող էր ավելի առարկայական օժանդակություն լինել տնտեսական գործընթացների ակտիվացմանը։ Բայց ԿԲ-ն որոշել է գնալ այլ ճանապարհով։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու եւ տնտեսության մեջ մտնող փողի գինը իջեցնելու փոխարեն, այն փորձում է ֆինանսական շուկան եւ տնտեսական ակտիվությունը խթանել կարճաժամկետ վարկերի էժանացման, ինչպես նաեւ նախկինում կիրառած այլ գործիքների ազդեցության թուլացման միջոցով։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի նվազեցմանը եւ բանկերի կողմից ներգրավվող երկարաժամկետ միջոցների պահուստավորման պայմանների մեղմացմանը։
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ