տուն Լուրեր Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման անդամներին

Կաթողիկոսն իր օրհնությունն է բաշխել Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման անդամներին

114
0

Սեպտեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունել է Լիբանանի «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» 75 անդամներին, ովքեր Մայր Աթոռ էին ժամանել Լիբանանից, ԱՄՆ-ից և  Կանադայից:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպման սկզբում համախմբման ատենապետուհի Անահիտ Տանձիկյանը միության անդամներին ներկայացրել է Հայոց Հովվապետի գահակալության տարիների համապարփակ պատմությունը: Ապա իր և համախմբման անդամների անունից երախտագիտություն է հայտնել Նորին Սրբությանը Մայր Աթոռի հարկից ներս հյուրընկալելու համար` նշելով, որ համախմբման անդամներն առաջին անգամ են այցելում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տիկին Անահիտ Տանձիկյանը վստահություն է հայտնել, որ շնորհիվ Մայր Աթոռում կեցության, ժամերգություններին ու Ս. Պատարագներին մասնակցության` համախմբման անդամները պիտի հաղորդ դառնան Մայր Աթոռից ճառագող օրհնությանը:

Ապա շուրջ 60 տարի առաջ հիմնադրված միության անդամներին ողջունել և իր հայրական օրհնությունն է բաշխել Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Վեհափառ Հայրապետը վերհիշել է, թե ինչպես է համախմբման մասին առաջին տեղեկությունները ստացել Երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսից` հաստատելով, որ Հայրապետը համախմբման մասին խոսելիս չէր թաքցնում իր հիացմունքը համախմբման՝ Մայր Աթոռի հանդեպ ունեցած սիրո ու նվիրման վերաբերյալ:

Նորին Սրբությունն արձանագրել է, որ իր գահակալության տարիներին ինքը ևս նույն սերն ու նվիրումը զգացել է և դրսևորված տեսել համայն հայության հոգևոր կենտրոնի հանդեպ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ փաստել է, որ Մայր Աթոռն ի դեմս կրոնասեր տիկնանց համախբման անդամների ունի Հայ Եկեղեցու անձնդիր սպասավորներ, ովքեր իրենց անուրանալի դերակատարությունն ունեն Մայր Աթոռի առաքելության իրականացման մեջ:

Ընդգծելով, որ յուրաքանչյուր հայորդու սիրտը կապված է Սուրբ Էջմիածնին` Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքը և օրհնությունն է բերել միության ատենապետուհի Անահիտ Տանձիկյանին ու անդամներին` իրենց նախանձախնդրության, հավատարմության և մշտական զորակացության համար:

Նորին Սրբությունը հույս է հայտնել,  որ իրենց երկրներ վերադարձին Մայր Աթոռից ու Հայաստանից ստացած տպավորություններին հաղորդ կդարձնեն նաև իրենց հարազատներին և մտերիմներին:

Հանդիպման վերջում ներկաներն իրենց հարցերն ուղղել են Հայրապետին, որոնք վերաբերել են  Մայր Աթոռի կրթական ծրագրերին:

Լիբանանի «Ս. Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբման» անդամներն այցի առիթով Մայր Աթոռին ընծայել են արծաթյա սկիհ, որի դրվագումների խորհրդաբանությունը ներկայացրեց վարպետ Տիգրան Բաջանյանը:

Մեկշաբաթյա այցի ընթացքում համախմբման անդամներն ուխտագնացությունների կմեկնեն տարբեր սրբավայրեր: