Լավ կլիներ` մեր գործընկերներն ավելի կրեատիվ մտածողություն ունենային. կանաչ «Ջորի» բռթելը ամենակրեատիվ մտածողությունը չէր: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով «Ելքի» կազմակերպած ընդդեմ թանկացումների երթին:
Araratnews.am-ի հարցին, թե վերջին երկու օրվա ընթացքում դարձյալ բենզինի գինը բարձրացել է, սա չի՞ փաստում, որ գործող իշխանությունն ու իր կառավարությունը ձախողել են եւ պետք է հեռանան, Աղվան Վարդանյանը կրկնեց վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքը, թե Հայաստանում սարսափելի գնաճ չկա: «Մենք սարսափելի գնաճ չունենք, ունենք գների դեմ պայքար, որն արտահայտվեց «Ելք» դաշինքի կազմակերպած երթով։ Տեսանք հասարակության մասնակցությունը, աջակցության չափն ու ծավալները»,- նշեց Վարդանյանը։
Նրա խոսքով` եթե «Ելքը» պահանջում է հարկային դրույքաչափերի իջեցում, ապա նաև պիտի ասեն՝ ինչպե՞ս են պատրաստվում սպասարկել արտաքին պարտքը։
«Կառավարության 2017 թվականի գործունեությունը ձեր աչքի առաջ էր, ու նման արդյունավետ գործունեություն բոլոր ցուցանիշների առումով վերջին տասնամյակում մենք չենք ունեցել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում