Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են անձանց հետ, որոնք ղարաբաղյան հակամարտության հետեւանքով պահվում են հակամարտության կողմերի մոտ: Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն:
Մասնավորապես, ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության լրատվության պատասխանատուն հայտնել է, որ անցած ամիս իրենք այցելել են ադրբեջանական կողմում պահվող անձանց: Նրանք մոնիթորինգի են ենթարկել պայմանները, որոնցում պահվում են այդ անձինք, ինչպես նաեւ ապահովում են նրանց կապը հարազատների հետ:
Համաձայն աղբյուրի, ներկայումս Ադրբեջանում պահվում է երկու գերի՝ Արսեն Բաղդասարյանն ու Զավեր Կարապետյանը, որոնց Բաքուն դիվերսանտ է որակել:
Մինչդեռ Զավեր Կարապետյանը, ըստ հայկական կողմի տվյալների, քաղաքացիական անձ է եւ զինված ուժերի հետ կապ չունի։ Իսկ Արսեն Բաղդասարյանն արդեն իսկ Ադրբեջանում դատարանի կողմից դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: