Հունվարի 29-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում պատասխանեց նաև Բաքվի հռետորաբանությանը՝ չնայած կողմերի և միջնորդների՝ վստահության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության և պատրաստակամության մասին բազմակի հավաստիացումներին։
«Շատ ցավալի է: Մեր դիրքորոշումը հայտնի է՝ մենք խաղաղ լուծում ենք ցանկանում: Գործընթացի առաջընթացի համար համապատասխան միջավայր է պետք», — ընդգծեց նախարարը:
Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ ճոռոմ հայտարարությունները հնարավորությունները չեն ավելացնում. «Մեր դիրքորոշումը հայտնի է: Կարգավիճակը որոշում է ԼՂ ժողովուրդը: Կարիք չկա ասելու, թե որքան վճռական ենք մենք և մտադիր ենք պաշտպանել ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը: Մենք գիտենք մեր հնարավորությունները պաշտպանության եւ վնասի պատճառման հարցերում»: