տուն Լուրեր Կարևորվել է Արգենտինայում հայկական սփյուռքի դերն ու ավանդը

Կարևորվել է Արգենտինայում հայկական սփյուռքի դերն ու ավանդը

88
0

15.thumb

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ, ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարևորել է Արգենտինայի հետ հարաբերությունների ընթացքը, ընդգծել միջխորհրդարանական հարթակներում որակական համագործակցության ու հանրային դիվանագիտության խթանման անհրաժեշտությունը:

Իր հերթին դեսպան Ուրրիոլաբեիտիան շնորհավորել է Արմեն Աշոտյանին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ հանձնաժողովի նախագահի անձնական ջանքերը և ներուժը խթան կհանդիսանան երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-արգենտինյան հարաբերությունների 25-ամյակի միջոցառումներին, քննարկել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության հարցեր: Այս համատեքստում քննարկվել են հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների հանդիպմանն ու համագործակցության վերաբերող հարցեր:

Դեսպանը կարևորել է Արգենտինայում հայկական սփյուռքի դերն ու ավանդը: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ հայկական սփյուռքը Հայաստանի համար ոչ միայն կարևոր գործոն է այլ երկրների հետ հարաբերությունների կառուցման համատեքստում, այլ նաև ամուր հիմք՝ Հայաստանն ու հայկական աշխարհն ավելի գլոբալ և մրցունակ դարձնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մարդու իրավունքների, տնտեսական զարգացման և երկկողմ առեւտրային շրջանառության խնդիրներին վերաբերող հարցերի, անդրադարձել երկկողմ պաշտոնական այցելությունների կազմակերպման հնարավորություններին:

Արմեն Աշոտյանը դեսպանին ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը, անդրադարձել Վերլուծական խորհրդի աշխատանքներին և դրա շրջանակում Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության հետ համագործակցության հնարավորություններին: