Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր թեթև արդյունաբերությամբ զբաղվող տեղական արտադրողներին: Վարչապետը կարևորել էր թեթև արդյունաբերության զարգացումը Հայաստանի տնտեսության համար՝ առաջարկներ լսելով հայրենական արտադրողներից:
Մեր պետության համար թեթև արդյունաբերության զարգացումը խիստ կարևոր է, և դա պետք է անել օր առաջ: Նախկին իշխանության օրոք այս ոլորտը դուրս էր մղված առաջնահերթություններից, որովհետև նախորդների համար ներմուծումն ավելի առաջնային էր, քան տեղում արտադրանքի կազմակերպումը: Բանն այն է, որ դեռևս գործող Հարկային օրենսգրքով Հայաստան ներմուծվող տրիկոտաժն ու կտորեղենը մաքսազերծվում են նույն գնով, ինչ գնով պատրաստի արտադրանքը:
Ավելի քան 20 տարի Հայաստանի արտադրողը զրկված է եղել ներմուծողների հետ մրցակցելու հնարավորությունից: Նախորդ կառավարությունների համար այս երևույթը կուլիսային բացատրություն ուներ: Պատրաստի ապրանք ներմուծողները Սերժ Սարգսյանի կողքին կանգնած գործարարներն էին, և նրանց հարստանալն ու արագ հարստանալն ավելի կարևոր էր, քան Հայաստանի Հանրապետությունում թեթև արդյունաբերության զարգացումը: Ստացվում էր մի իրավիճակ, երբ պատրաստի վերնաշապիկն ու վերնաշապիկի հումքը նույն գինն արժեին, և եթե գտնվում էին մարդիկ, որոնք այնուամենայնիվ արտադրում էին տեղականը, նրանց վրա դա կրկնակի թանկ էր նստում: Հենց սա է եղել պատճառը, որ տարիներ շարունակ հայկական արտադրության հագուստն ու ներքնազգեստը եղել են կրկնակի թանկ, քան թուրքականն ու այլ երկրներից ներմուծվածը:
Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի կրկնի նախորդների սխալը և հետայսու Հայաստան ներմուծվող տրիկոտաժի մաքսազերծումն ավելի էժան կլինի, քան պատրաստի արտադրանքը: Սա ենթադրում է, որ տեղական արտադրողը մրցակցելու հնարավորություն կունենա և կկարողանա իր արտադրած ապրանքը ոչ միայն տեղում ավելի էժան վաճառել, այլ նաև արտերկրում վաճառելու հնարավորություն կունենա:
Մինչ շատերը խոսում են, որ նոր կառավարությունը տնտեսական քաղաքականություն չի վարում, և որ հայրենական տնտեսությունը արդեն կործանվել է, կառավարությունը այսպիսի կարևոր որոշումներով մեկնարկել է հայկական տնտեսության առողջացման գործընթացը:
Հարություն Մկրտչյան