տուն Լուրեր Կարեն Քյուփելյանին ՀՀ ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով պահելու դեպքի առթիվ հարուցված...

Կարեն Քյուփելյանին ՀՀ ԱԱԾ վարչական շենքում անօրինական կարգով պահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը հետաձգվեց

102
0

dat

2016 թ. հունվարի 25-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ` դատավոր Գ. Պողոսյանի, շարունակվեց ըստ մեղադրանքի ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Հրանտ Մազմանյանի՝ պաշտոնեական լիազորություներն անցնելու գործի քննությունը: Հիշեցնենք, որ Հ. Մազմանյանին մեղադրանք է առաջադրված գործով տուժող Կարեն Քյուփելյանին 2007 թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ ԱԱԾ վարչական շենքում պահելու, այսինքն՝ Կ. Քյուփելյանի ազատությունն անհիմն սահմանափակելու համար: Սույն գործով նախորդ դատական նիստին հարցաքննվեցին տուժող Կ. Քյուփելյանը և ամբաստանյալ Հ. Մազմանյանը, այնուհետև լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու միջնորդությունների քննարկման փուլում ամբաստանյալի միջնորդությամբ դատական նիստը հետաձգվեց ՝ գործով պաշտպան ներգրավվելու պատճառով: 2016 թ. դատական նիստին մասնակցում էին մեղադրող դատախազ Ա. Շահբազյանը, տուժող Կ. Քյուփելյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ամբաստանյալ Հ. Մազմանյանը: Դատական նիստին ներկայացել էր նաև փաստաբան Տանյա Հակոբյանը,  որը ներգրավվեց որպես Հ. Մազմանյանի պաշտպան: Տ. Հակոբյանը միջնորդեց լրացուցիչ հարցաքննել ամբաստանյալին և տուժողին՝ դեպքի օրը Հ. Մազմանյանի ղեկավարության կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենքը լքելու ժամը հստակեցնելու համար: Տուժող Կ. Քյուփելյանը լրացուցիչ հարցաքննության ընթացքում նշեց, որ Հ. Մազմանյանին՝ իրեն հսկելու հրահանգ տված վերադաս աշխատակիցները՝ է. Նանյանը և Տ. Աղաջանյանը, հեռացել են 00:00-ից 00:03-ն ընկած ժամանակահատվածում: Ամբաստանյալ Հ. Մազմանյանը, իր պաշտպանի հարցերին ի պատասխան, նշեց, որ Կ. Քյուփելյանին ազատ արձակելու դեպքում կենթարկվեր կարգապահական պատասխանատվության, ընդհուպ մինչև՝ աշխատանքից հեռացում: Տուժողին և ամբաստանյալին որոշ ճշտող հարցադրումներ ուղղեցին նաև դատավարության մյուս մասնակիցները, ինչպես նաև՝ դատարանը: Ամբաստանյալ Հ. Մազմանյանի փաստաբան Տ. Հակոբյանը լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ ևս մեկ միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով գործով որպես վկա ներգրավել և հարցաքննել Է. Նանյանին և Տ. Աղաջանյանին: Դատախազ Հ. Շահբազյանը խնդրեց մասնակիորեն բավարարել միջնորդությունը և գործով որպես վկա ներգրավել միայն Տ. Աղաջանյանին, իսկ տուժողի ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանն ամբողջությամբ միացավ ներկայացված միջնորդությանը՝ ընդգծելով, որ նախորդ դատական նիստին այդպիսի միջնորդություն ներկայացրել էր նաև տուժող կողմը: Դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակիորեն և գործով որպես վկա հարցաքննել ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Տ. Աղաջանյանին: Դատավարության մասնակիցներն այլ միջնորդություններ չունեին: Այդպիսով, դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2016 թ. փետրվարի 16-ին՝ ժամը 09:30-ին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ