տուն Լուրեր Կարեն Կարապետյանի ինչ պայմաններն են բավարարվել, կամ ՀՀԿ-ն ինչ պայմաններ է դրել

Կարեն Կարապետյանի ինչ պայմաններն են բավարարվել, կամ ՀՀԿ-ն ինչ պայմաններ է դրել

97
0

Serj-Karen

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում հայտարարեց Հանրապետական կուսակցությանն անդամակցելու իր որոշման մասին: Երկու ամսից ավելի վարչապետի պաշտոնում նշանակված անկուսակցական Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշումը հիմնավորող մի շարք պատճառներ նշեց,  այդ թվում՝ քաղաքական հենարան ունենալու անհրաժեշտությունը, Հանրապետականի պահպանողական գաղափարախոսությունը եւ այլն:

«Ըստ իս` ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը հաշվի առնելով առկա մարտահրավերները` որոշել է փոխվել եւ ունի իր մեջ այդ ներուժը»,- նշեց վարչապետը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում Հանրապետականին անդամակցությունն անհրաժեշտություն էր դարձել:

«Այն, որ շատ երկար ժամանակ Կարեն Կարապետյանը չէր արձագանքում խոսակցություններին, որ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է գրելու, վկայում է, որ բավական լուրջ քննարկումների առարկա էր այդ անդամակցությունը: Դիտարկվում էին մի շարք պայմաններ` ներիշխանական, ներքին քաղաքական, եւ շատ դժվար է ասել, թե Կարեն Կարապետյանի ի՞նչ պայմաններն են բավարարվել, կամ ՀՀԿ-ն ի՞նչ պայմաններ է դրել Կարեն Կարապետյանի առաջ»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Հակոբ Բադալյանը՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ խորհրդի նիստում հնչեցրած միտքը՝ կուսակցությանը նոր ոգի հաղորդելու մասին:

Ըստ մեր զրուցակցի՝ Կարեն Կարապետյանի մուտքը ՀՀԿ ռազմավարական եւ ավելի հեռահար իմաստով նպատակ ունի փոխելու իշխող Հանրապետականի նկարագիրն ու ինչ-որ առումով նաեւ՝ ստատուս քվոն:

Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ շարքերը համալրելու որոշումը քաղաքական մեկնաբանին հիշեցրեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ-ական դառնալը:

Զուգահեռներ անցկացնելով նախկին եւ ներկա վարչապետների միջև՝ Բադալյանն ասաց. «Տիգրան Սարգսյանը եւս կուսակցական չէր եւ հանդես եկավ իշխանության դիմագիծը փոխելու հայտով եւ, ի  վերջո, գրեց դիմում՝ ՀՀԿ-ական դառնալու, բայց անդամակցելուց հետո ոչ թե Հանրապետականն ավելի շատ նմանվեց այն նկարագրին, որ փորձում էր առաջ տանել Սարգսյանը, այլ հակառակը ՝ Սարգսյանը ձուլվեց ՀՀԿ նկարագրին: Հիմա նույնը Կարեն Կարապետյանի դեպքում է. նա կբերի՞ իր մեկնարկային նկարագիրը Հանրապետական, թե՞ ինքը կձուլվի Հանրապետականին, եւ մեկ տարի հետո որևէ տարբերություն չի լինի, թե Կարապետյանը որտեղի՞ց եկավ, ի՞նչ իմիջով եւ ի՞նչ հայտով»: