տուն Լուրեր Կարեն Կարապետյանի հանձնարարականը ֆինանսների նախարարին

Կարեն Կարապետյանի հանձնարարականը ֆինանսների նախարարին

122
0

Karen Karapetyan

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ֆինանսների նախարարին տվեց մի քանի հանձնարարական, որոնք վերաբերում են գնումների ոլորտին: Մասնավորապես, հանձնարարվեց երկշաբաթյա ժամկետում ներկայացնել գնումների մասնակի կենտրոնացման վերաբերյալ իրավական ակտի նախագիծ, ինչը պետք է հիմնված լինի հետևյալ կանոնների վրա:

«Առաջին՝ պարբերական սպառման բնույթ ունեցող ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների գնումները ամբողջությամբ պետք է իրականացվեն կենտրոնացված եղանակով՝ մասնագիտացված կառույցի կողմից պատվիրատուների համախմբված պահանջարկի հիման վրա: Այդ գնումների ցանկը կսահմանվի կառավարության որոշմամբ»,- ասաց Կ. Կարապետյանը:

Երկրորդը վերաբերում էր պայմանագրի կատարման արդյունքների ընդունման գործընթացի կարգավորմանը: «Այն պետք է դարձնել էլեկտրոնային, որտեղ պայմանագրի գծով ընդունման-հանձնման ակտերը, վճարման ընթացակարգերը կստացվեն ու կհաստատվեն էլեկտրոնային եղանակով»,- նշեց Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքերով՝  ունենք գնումներ ապահովող բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք պարբերաբար գնում են նույն բաները:

«Նախարարությունները, գերատեսչությունները պետք է գնումների գործընթացը հանձնարարեն մի կառույցի, դա, ի վերջո, բերելու է ծախսափակման և բյուջեի վրա որևիցե գումար չի նստելու, երբ որ ամբողջ գործընթացը կազմակերպենք: Ինչ վերաբերում է սպեցեֆիկ գնումներին, որտեղ պետք է մասնագիտացված մոտեցում, մենք այս հանձնարարականի վերջում կկազմակերպենք նաև դա, որպեսզի յուրաքանչյուր գնորդ համոզված լինի, որ գնում է այն, ինչ իրեն պետք է»,- ասաց Կարեն  Կարապետյանը: