Այսօր՝ օգոստոսի 30-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով եղել է Լճաշեն համայնքում։ Այցի ընթացքում մարզպետը մասնակցել է Լճաշենի մարզադպրոցի բացման արարողությանը, որը կառուցվել է Լճաշենի համայնքային բյուջեի, լճաշենցիների և ֆրանսիական երիտասարդական հասարակական կազմակերպություններից մեկի տրամադրած միջոցների հաշվին։
Լճաշենի համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը նշել է, որ մարզադպրոցում գործելու է վոլեյբոլի, բասկետբոլի, կառատեի, սամբոյի և այլ մարզաձևերի խմբակներ, նախատեսվում է ունենալ նաև ֆիթնես կենտրոն։ Ըստ նախնական հաշվարկների մարզադպրոցը ունենալու է շուրջ 150 սան։ Մարզադպրոցը համայնքից կունենա նաև այլ այցելուներ, որոնք, ըստ համայնքի ղեկավարի զգալի թիվ կկազմեն։
Մարզպետ Կարեն Բոթոյանն իր խոսքում նշել է, որ տպավորված է համայնքում կատարած աշխատանքների ծավալով և հավելել, որ համայնքի մանկապարտեզի վերանորոգման և ընթացքի մեջ գտնվող մի շարք ծրագրեր կյանքի կոչելուց հետո Լճաշենն ավելի լուրջ հայտ կներկայացնի, և կդասվի մարզի ամենաարագ զարգացող համայնքների թվին։ Կարեն Բոթոյանը նշել է նաև, որ Լճաշենը պետք է օրինակ ծառայի այլ համայքների համար, քանզի այստեղ շատ արդյունավետ են օգտագործում տեղական ռեսուրսները՝ գրանցելով լուրջ արդյունքներ։
Այցի ընթացքում Կարեն Բոթոյանը համայնքի ղեկավարի հետ քննարկել է Լճաշենի զարգացմանն ուղղված այլ հարցեր ևս։
Գեղարքունիքի մարզպետարան