Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում հողային բարեփոխման իրականացմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսական նշանակության հողերի մշակման ոլորտում առկա իրավիճակի վերաբերյալ իրականացված վերլուծությունը:
Առաջարկվում է չօգտագործվող հողերի մշակման խնդիրը լուծել 2020-2022 թթ. ընթացքում փուլային տարբերակով՝ Հողային օրենսգրքում օրենսդրական փոփոխությունների իրականացման, հողերի քարտեզագրման, ինստիտուցիոնալ, իրավական եւ ենթակառուցվածքային հնարավորությունների ու հարթակների ստեղծման, եւ չօգտագործման դեպքում պատասխանատվության մեխանիզմների հստակ սահմանման ճանապարհով:
Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են հողային ռեֆորմի արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր, խորհրդակցության մասնակիցների կողմից ներկայացվել են որոշ առաջարկություններ:
Վարչապետը նշել է, որ հողային բարեփոխման ռազմավարական նպատակը բխում է տնտեսության զարգացման ռազմավարությունից, այն է՝ տնտեսության կառուցվածքի փոփոխություն եւ ագրարային երկրից անցում արդյունաբերական երկրի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալին՝ ամփոփել քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները, լրամշակել բարեփոխման հայեցակարգը եւ պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ քննարկել հողային բարեփոխման նպատակով մարզերից մեկում պիլոտային ծրագիր սկսելու մանրամասները: