տուն Լուրեր Կառավարությունը մերժեց Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախագիծը

Կառավարությունը մերժեց Զարուհի Փոստանջյանի օրենսդրական նախագիծը

88
0

120413.1.3_0

Այսօր ՀՀ Կառավարության նիստին մերժվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրենսդրական նախագիծը, որը վերաբերում էր «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացումներ կատարելուն:

Զարուհի Փոստանջյանը առաջարկել էր, որ պատգամավորները պարտավորվեն յուրաքանչյուր նստաշրջանի ավարտից հետո հանդես գալ գրավոր հաշվետվությամբ նստաշրջանի ընթացքում իրենց կատարած գործունեության մասին:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 6-րդ հոդվածով հստակ սահմանված են պատգամավորի պարտականությունները:

«Մասնավորապես՝ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին, ինչպես նաև այն հանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է: Այս առումով, նախագծով նախատեսված հաշվետվությունը չի կարող դիտարկվել որպես պարտականություն: Նախագծի ընդունումը նաև նպատակ է հետապնդում օրենսդիր մարմնի աշխատանքը դարձնել առավել թափանցիկ և հաշվետու: Այդ առումով նշենք, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քանակը պատգամավորի ակտիվության որոշման բավարար ցուցանիշ չէ»,-նշեց նախարարը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը պետք է տեղափոխել խորհրդարան, որպեսզի այնտեղ քննարկեն և ավելի արդյունավետ ձևակերպումներով վերադարձնեն կառավարությանը:

«Ես առաջարկում եմ, որ խորհրդարանը քննարկի ու որոշի»,- ասաց վարչապետը: