տուն Լուրեր Կառավարությունը հաստատել է Ճարտարապետական գործունեության մասին օրենքի նախագիծը

Կառավարությունը հաստատել է Ճարտարապետական գործունեության մասին օրենքի նախագիծը

117
0

unnamed

Կառավարության երեկ կայացած նիստում քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը ներկայացրել է «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Այս մասին տեղեկացնում է քաղաքաշինության նախարարությունը։

Դեռևս 2008 թվականին քաղաքաշինության նախարարի տեղակալ, գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ՝  քաղաքաշինության նախարարության և Հայաստանի ճարտարապետների միության համատեղ հանձնաժողովի կողմից մշակվեց օրենքի նախագիծը: Հետագայում՝ 2012-13 թվականներին այն շրջանառությունից հանվեց:

Օրենքի նախագիծը կրկին կառավարության օրակարգ մտավ 2014 թվականին՝ նոր կառավարության ձևավորումից հետո և 2015-ից ներառվեց քաղաքաշինության նախարարության գերակա խնդիրների ցանկում: Օրենքի նախագիծը, ըստ հաղորդագրության, ենթարկվել է մանրամասն մշակումների և խմբագրումների, անցել է բազմաթիվ գերատեսչական քննարկումների և լրամշակումների փուլով :

«Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ճարտարապետական գործունեությանն առնչվող իրավահարաբերությունների հստակեցման, տարբեր բարդության քաղաքաշինական փաստաթղթերի մշակման գործընթացի կանոնակարգման առանձնահատկությունները սահմանելու անհրաժեշտությամբ, այն ուղղված է նպաստելու ճարտարապետական գործունեության մասնագիտական որակի բարձրացմանը, բնագավառում առողջ մրցակցության ստեղծմանը, մասնագիտական էթիկայի, ճարտարապետի հիմնական իրավունքների ու պարտականությունների սահմանմանը՝ ճարտարապետին դարձնելով հիմնական գործող անձ՝ պատասխանատվության կրող», — նշել է Նարեկ Սարգսյանը օրենքի նախագիծը ներկայացնելիս:

Համաձայն հաղորդգարության՝ նախագծի մշակման հիմնական նպատակն է ապահովել կառուցապատվող միջավայրի, շենքերի ու շինությունների հարմարավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը, ճարտարապետների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև քաղաքացու և հասարակության պաշտպանվածությունը ճարտարապետության ոլորտում ոչ արհեստավարժ գործունեության բացասական հետևանքներից:

Օրենքի ընդունմամբ՝ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատ ոչ առևտրային, ոչ կառավարչական հաստատություն, որի գործունեությունը կկանոնակարգվի ինքնակարգավորման սկզբունքով: Պալատը կիրականացնի ճարտարապետների արտոնագրման և գրանցման, էթիկայի կանոնների հաստատման և դրանց կատարումը վերահսկող, ուսուցման ծրագրերի մշակման և դասընթացների պատշաճ կազմակերպման և անցկացման, պայմանագրերի օրինակելի ձևերի մշակման, աշխատանքների և ծառայությունների գնահատման մեթոդական ցուցումների և այլ գործառույթներ:

Օրենքի մշակմանը ակտիվորեն մասնակցել են ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի և ՀՃՄ համատեղ հանձնաժողովի անդամները՝ Մ. Մինասյանը (ՀՃՄ նախագահ), Ռ. Ալավերդյանը, Ս. Քալաշյանը, Բ. Քոչարյանը, Գ. Ազիզյանը, այլք: