Araratnews.am-ը տեղեկացրել էր, որ արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսված են մի շարք փոփոխություններ: Նախագիծը սահմանում է Կառավարության կազմը, կառուցվածքը և գործունեության կարգը` Սահմանադրության 147-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև Կառավարության անդամների գործունեության երաշխիքները: Կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից:
Նախարարությունների թվի կամ կազմի փոփոխություն չի լինի և դրանք կլինեն այնպես, ինչպես այժմ է:
Նախագծով Կառավարությանն առընթեր մարմիններ չեն լինելու: Կառավարությունն այժմ ունի վեց առընթեր մարմիններ՝ Ազգային անվտանգության ծառայությունը,Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, Պետական գույքի կառավարման վարչությունը և Պետական եկամուտների կոմիտեն:
Ըստ նոր Սահմանադրության՝ վարչապետին ենթակա մարմինները գործում են ազգային անվտանգության, ոստիկանության, պետական պահպանության և պետական վերահսկողության ոլորտներում:
Վարչապետին ենթակա մարմիններն են՝
1) Ազգային անվտանգության ծառայությունը.
2) Ոստիկանությունը.
3) Պետական պահպանության ծառայությունը.
4) Պետական վերահսկողական ծառայությունը:
Նախագիծն ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ է մտնում Հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:
Փայլակ Ֆահրադյան