Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը փչացած հավի միս էր մատակարարել Երևանի Նոր- Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին: Ըստ քննչական կոմիտեի՝ քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ քննություն է ընթանում` հավի մսի ձեռքբերման աղբյուրը, նախնական որակը, քիմիական նյութերով մշակված ապրանքի իրական ծավալները, մանկապարտեզներին հավի միս մատակարարելու համար Երևանի քաղաքապետարանի մրցույթի և դրա արդյունքներով Էդվարդ Մխիթարյանին հաղթող ճանաչելու հանգամանքները պարզելու համար։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ձեռք է բերել քաղաքապետարանի` 2014թ. կատարած գնումների մասին պայմանագրերը, որոնք ուսումնասիրելուց հետո համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կառավարություն:
«Ամբողջական փաթեթի վերլուծությունը մենք նախորդ երկուշաբթի ներկայացրել ենք կառավարությանը: Մինչ այդ ևս ներկայացրել էինք մի քանի առաջարկներ: Կարևոր առաջարկներից մեկն այն է, որ պետք է մշակել մրցույթի անցկացման նոր կարգ: Եվ կարգը պետք է լիներ ոչ միայն ոլորտի հետ կապ չունեցող գնային առաջարկների մակարդակով, այլ գոնե ներառեր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը»,- Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը:
Ըստ կառավարության պատասխան նամակի` 2014-2015թթ. մրցույթի անցկացման ժամանակ մրցույթին ներգրավված կլինեն նաև սննդամթերքի անվտանգության տեսչության աշխատակիցները:
«Բայց իրականում մասնակցությունը դեռևս բավարար չէ,- ասում է Պիպոյանը,- քանի որ պատկան մարմինները պատճառաբանում են, որ տվյալ տնտեսվարողը որպես սպառող իրենց մոտ գրանցված չէ: Ամեն դեպքում, չգրանցված տնտեսվարողին իրենք պետք է պատասխանատվության ենթարկեն: Այսինքն, բավարար չէ, չեն գրանցել, բավական չէ, չեն տուգանել, դեռ ավելին` արդարանում են, թե մեզ մոտ գրանցված չէ»:
Պիպոյանը օրենսդրական լծակ չունենալը դիտարկում է որպես արդարացում, իսկ մյուս դեպքում` կարելի է նաև մեղավորներ չունենալ:
«Ստացված պատասխանի մեջ ասվում է, որ իրենք չեն ունեցել, թե կոնկրետ որ տնտեսվարողներն են սնունդ մատակարարել մանկապարտեզներին: Իսկ սննդի անվտանգության տեսչությունից հայտնում են, որ այդ ընկերությունները իրենց մոտ գրանցված չեն, հետևաբար` չի ամրագրված, թե որ ընկերություններն են սնունդ մատակարարում մանկապարտեզներին»,- ասում է Պիպոյանը: