Այս շաբաթ վարչապետ Կարեն Կարապետյանը Ազգային Ժողովում պետք է ներկայացնի նոր կառավարության ծրագիրը, որը կառավարության ընդհանուր մտադրությունները ներկայացնող փաստաթուղթ է լինելու: Այն նորից կլինի նախկին կառավարությունների ծրագրերի թեթև ձևափոխությունը նույն բովանդակությամբ, թե˚ դա կլինի տեխնիկական բնույթի փաստաթուղթ, կամ դա կլինի որոշակի կոնցեպտ, որը թույլ կտա հասկանալու, թե մեր տնտեսությունը ինչ ուղով է զարգանալու, թե˚ տնտեսության պարզունակ գոյատևումը ենթադրող անդեմ շարադրանք:
Վարչապետը հիշեցնենք, որ հայտարարել էր, թե իր կառավարությունը երկու ծրագիր է ներկայացնելու: Առաջին ծրագիրը վերաբերելու է կարճաժամկետ հատվածում հրատապ խնդիրների լուծմանը, իսկ երկրորդ ծրագիրը արդեն կունենա ավելի ընդգրկուն բնույթ:
Այնպես չէ, որ բոլորը շունչները պահած սպասում են ինչ որ «դարակազմիկ» նոր ծրագրի, բայց և այնպես, որոշակի շրջանակների մոտ լուրջ հետաքրքրություն կա կառավարության նոր ծրագրի վերաբերյալ: Կարելի է ասել, նոր ծրագիրը ավելի լայն հետաքրքրություն է ներկայացնում, քան եղել է մինչ այժմ բոլոր նախկին կառավարությունների կողմից նոր ծրագրերը ներկայացնելիս: Սա անշուշտ, մասամբ պայմանավորված է երկրի համար բավականին բարդ իրավիճակով, մասամբ էլ վարչապետի անձով և սպասելիքներով:
Անշուշտ ցանկացած լավ մշակված ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունը, դա հիմքում դրվող խորքային արժեքներն են: Որոնք են այն դրույթները և հարցադրումները, որոնք պետք է դրված լինեն կառավարության այս ծրագրի հիմքում: Նշենք մի քանիսը:
Ամենակարևորը, իմ կարծիքով, դա մարդու և մարդկային արժանպատվության գերակայությունն է: Մարդու ստորադասությունը այլ երևույթների, գաղափարների կամ ինստիտուտների, բերելու է կրախի, պետության ձախողմանը:
Երկրորդ, լավ կլիներ, նոր ծրագրում հնարավորինս քիչ լիներ կոռուպցիա, մոնոպոլիա, օլիգարխիա բառերը, առավել ևս, դրանց հաղթահարմանը ուղղված ամպագոռգոռ հայտարարությունները: Կամ ընդհանրապես, գործեր ոչ թե ինչ-որ դեմ բանի պայքարելու ձևական մոլուցքը, որը որպես կանոն բերում է հակառակ հետեւանքների, այլ ինչ-որ բանին աջակցելու և նպաստելու ձգտումը:
Երրորդ, ճիշտ կլիներ ծրագրում ամրագրված լիներ, որ մեզ այսուհետև ոչ թե բարդ և խճճված, այլ պարզ և կայունություն ունեցող օրենսդրական համակարգ է պետք, որը երկար ժամանակ փոփոխութունների չի ենթարկվի: Գաղտնիք չէ, որ գործարարներին և ներդրողներին գրավում է իրավական կայունությունը, օրենքների պարզությունը:
Չորրորդ, ծրագրում պետք է ներկայացված լինի, թե հանրությունը որքանով է իր առողջ ներուժով և արդյունավետ առաջարկութուններով ներառվելու պետության կառավարման գործընթացներում: Չինովնիկական այս գործող մոդելը, ոչ միայն արդյունավետ չէ, այլ վտանգավոր և վնասակար է: Բացի այդ, ինչպե˚ս ենք բարելավելու կառավարման (մենեջմենթի) որակը: Ինչպե˚ս ենք շատացնելու մեր երկրում որակյալ կառավարիչների քանակը, չէ որ բոլոր ասպեկտներում որակյալ կառավարիչների խնդիր ունենք:
Հինգերորդ, երկրում ինստիտուցիոնալ ճգնաժամ է, կառավարությունը ինչպիսի˚ լուծում տեսնում, որպեսզի պետական կառույցների գործառույթները վերանայվեն և ըստ նշանակության գործեն: Ինչպե˚ս է իրականացվելու պետության կադրային քաղաքականությունը: Քաղաքացիական ծառայության գործող համակարգը պետք է փոփոխվի, այն չի արդարացնում իրեն, կոռումպացված է, տարբեր մակարդակների պաշտոններոմ հաճախ են հայտնվում պատահական և անգրագետ անձնավորություններ, իսկ քաղծառայողները բոլոր դեպքում չէ, որ իրականում պաշտպանված են:
Եվ վերջում, կառավարությունը, ինչպե˚ս է պատրաստվում իրագործել իր իսկ մշակած ծրագիրը, որպեսզի այն չլինի հերթական կառավարության հերթական չստացված ծրագիրը:
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ