տուն Լուրեր Կառավարության հույսը հարկահավաքությունն է (տեսանյութ)

Կառավարության հույսը հարկահավաքությունն է (տեսանյութ)

132
0

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը,  հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ  2018 թ. տնտեսական աճը պայմանավորված կլինի ինչպես ներքին պահանջարկի աճով, այնպես էլ արտաքին զարգացումներով: «2018 թ. կանխատեսվում է 2017 թ. համեմատ ՀՆԱ-ի առաջանցիկ՝ 4,5% իրական աճ, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը»,- ասաց նա:

Ըստ Արամյանի՝ 2018 թ. տնտեսական աճի տեմպերի արագացման և տնօրինվող եկամտի աճի պայմաններում կանխատեսվում է սպառման 6,5% իրական աճ: «Ընդ որում, վերջնական սպառումը կաճի և՛ մասնավոր, և՛ պետական հատվածներում»,- նշեց  նա: Նախարարը նշեց, որ 2018 թ. կանխատեսվում է արտահանման 8,0% իրական աճ և ներմուծման շուրջ 7,8% իրական աճ: «2018 թ. համախառն պահանջարկի շարժիչ է հանդիսանալու ներքին պահանջարկը, սպառման և ներդրումների մասնաբաժինը ՀՆԱ-ում բարելավվելու է»,- ասաց նա:

Արտաքին ապրանքաշրջանառության մասով Արամյանն ասաց, որ 2018 թ. ներմուծումը կշարունակի աճել՝ կազմելով շուրջ 10%: 2018 թ.` գործընկեր երկրների տնտեսական աճին և ՀՀ կառավարության կողմից տնտեսության արտահանելի ոլորտում վարվող քաղաքականության ուղղությանը համահունչ, կանխատեսվում է արտահանման շուրջ 11,5% աճ (դոլարային արտահայտությամբ):

Ըստ բյուջեի նախագծի՝ պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2018 թ. համար ծրագրվել են 1,247.9 մլրդ դրամի չափով: 2018 թ. հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով տարեկան ցուցանիշը ծրագրվել է ըստ նախորդ տարիների հավաքագրման և մակրոտնտեսական միջավայրի զարգացման միտումների, տնտեսական գործոնների և վարչարարական միջոցառումների իրականացումից ակնկալվող լրացուցիչ մուտքերի:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում: